Կաննի, Անսիի և Սան Սեբաստիանի կինոփառատոնների անիմացիոն ֆիլմերը ՌեԱ փառատոնում
04-10-2024 13:29:48 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
«ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 16-րդ միջազգային փառատոնն այս տարի կայանալու է հոկտեմբերի 20-26-ը։ «ՌեԱ»-ն բացառիկ հնարավորություն է հայ հանդիսատեսի համար՝ դիտելու 7 մրցութային լիամետրաժ ֆիլմ, որոնք ցուցադրվել են Կաննի, Սան Սեբաստիանի, Անսիի և այլն հեղինակավոր կինոփառատոններում։
Մրցութային ծրագրում է օսկարակիր ֆրանսիացի ռեժիսոր Միշել Ազանավիսյուսի կարիերայի առաջին անիմացիոն ֆիլմը՝ «Ամենաթանկ բեռը» (The Most Precious of Cargoes)` ստեղծված Ժան-Կլոդ Գրումբերգի վեպի հիման վրա։ Ռեժիսորը յուրօրինակ կերպով լավագույնս ընդգծել է հուզականությունն ու ծանր իրավիճակներում մարդկային ուժն ու հավատը։
Ֆիլմը նկարագրում է անտառում ապրող փայտահատի և իր կնոջ դժվարին կյանքը։ Պատերազմական ծանր շրջանում, երբ տիրում էին համատարած աղքատությունն ու սովը, փայտահատի կինը գտնում է մի երեխայի, որին դուրս էին նետել գնացքից։ Հենց այդ «ծանր բեռին էլ» վիճակված էր գլխիվայր շրջելու բոլորի կյանքը։
Ֆիլմը ձեռքով նկարված և համակարգչային անիմացիայի եզակի միաձուլում է, որը ստեղծում է տեսողական հարուստ և յուրօրինակ ոճ, արտացոլում պատմական ծանր ժամանակաշրջանի դժվարություններն ու գեղեցկությունը։ Օգտվելով անիմացիայի ընձեռած ազատությունից՝ Ազանավիսյուսին հաջողվել է ընդգծել ցավը, զգացմունքայնությունն ու պատերազմի սյուրռեալիստական կողմերը՝ միաժամանակ մեղմացնելով դաժան իրողությունները երիտասարդ հանդիսատեսի համար։
«Ամենաթանկ բեռը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2024 թվականի մայիսի 24-ին՝ Կաննի միջազգային կինոփառատոնի Հիմնական մրցութային ծրագրում, իսկ հունիսի 24-ին ցուցադրվել Անսի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնում՝ որպես բացման ֆիլմ։
Գինթս Զիլբալոդիսը, ով հայտնի է իր մինիմալիստական, խորն ու էմոցիոնալ սթորիթելինգով, շարունակում է ֆիլմերը միայնակ ստեղծելու «ավանդույթը»։ Լատվիացի կինոռեժիսորն ունի յուրահատուկ անիմացիոն ոճ․ նա միաժամանակ զբաղվում է ֆիլմերի անիմացիայով, ձայնով և ռեժիսուրայով։ Այս առումով «Հոսք» ֆիլմը համարվում է Զիլբալոդիսի անհատական նախագծերից մեկը, որն ընդգծում է իր տաղանդը՝ ստեղծելու հարուստ պատմություն, բնության, մեկուսացման և գոյատևման գեղեցիկ համադրությամբ։
Ֆիլմի գործողությունների առանցքում կենդանիներն են։ Մի օր ֆիլմի գլխավոր հերոսը՝ սև կատուն, արթնանում է ու տեսնում, որ աշխարհը ջրով է ծածկվել, իսկ մարդկությունն անհետացել է։ Նա մի խումբ այլ կենդանիների հետ ապաստան է գտնում մի նավակում, որտեղ էլ սկսվում են իրական արկածները․․․Պարզվում է, որ միմյանց հետ լեզու գտնելը կենդանիների համար շատ ավելի մեծ խնդիր է, քան վախն աղետից․ բոլորը պետք է սովորեն ընդունել մյուսների տարբերությունները և համակերպվել այն նոր աշխարհին, որտեղ այսուհետ ապրելու են։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Կաննի միջազգային կինոփառատոնի Un Certain Regard մրցութային ծրագրում։
Ֆիլմը հանդիսատեսին տեղափոխում է 1950-ական թվականների Ֆրանսիա՝ ծանոթանալու 11-ամյա Ֆրանսուայի և իր ընտանիքի հետ, ով հետևում է, թե ինչպես են իր ծնողները կառուցում հայտնի կանադա-ամերիկացի ծովագնաց Ջոշուա Սլոքամի առագաստանավի կնկնօրինակը։ Արկածային ֆիլմը մանկությունից մինչև պատանեկության շրջանի, ընտանեկան կյանքի և հուշերի պատկերում է․ մինչ կկառուցվի նավը, տղան ոչ միայն հետևում է և ուսումնասիրում իր ծնողներին, այլ ուղևորվում սեփական արկածների հետևից՝ ծովի ու նկարչության հանդեպ սիրով և վառվռուն ճանապարհով։
Ֆիլմն ինքնակենսագրական է․ այն ռեժիսորի՝ ֆրանսիական անիմացիայի լեգենդար ներկայացուցիչ Լագիոնիի՝ արկածների, ծովի ու բնության հանդեպ ունեցած մեծ սիրո դրսևորումն է։ Լագիոնին անիմացիոն ֆիլմերի ստեղծման առաջամարտիկներից է, ում ստեղծագործությունները հաճախ շոշափում են ներդաշնակ ու էքզիստենցիալ թեմաներ՝ անիմացիայի շնորհիվ բացահայտելով մարդկային երևակայությունն ու հիշողությունը։
«Խխունջի հուշերը», (Memoir of a Snail)
Ռեժիսոր՝ Ադամ Էլիոթ, Ավստրալիա
Օսկարակիր Ադամ Էլիոթի վերջին լիամետրաժ ֆիլմը՝ «Խխունջի հուշերը» միայնության զգացումի, հույսի և մարդկային շփման փնտրտուքների մասին է։ Էլիոթը հայտնի է կավային անիմացիայի յուրօրինակ ոճով ու սև հումորով, իսկ ստեղծագործություններում նրան հաճախ ոգեշնչվում է սեփական կյանքը՝ ստեղծելով կերպարներ, որոնք արտացոլում են մի փոքր մելանխոլիկ, երջանկություն փնտրող մարդկանց և նրանց հուզական աշխարհի նկատմամբ իր մեծ հետաքրքրությունը։
«Խխունջի հուշերը» հուզիչ, սրտառուչ, զվարճալի պատմություն է Գրեյսի և իր երկվորյակ եղբոր՝ Գիլբերթի մասին։ Գրեյսն արտասովոր աղջիկ է. ծնողների մահվանից հետո սոցիալական ծառայությունները բաժանում են Գրեյսին և Գիլբերթին, սակայն կարողանում է վերգտնել ինքնավստահությունն ու առօրյա խառնաշփոթի մեջ կարողանում է երջանկությունը։
Ֆիլմը 2024 թվականին արժանացել է Անսիի միջազգային անիմացիոն փառատոնի Լավագույն անիմացիոն ֆիլմի մրցանակին՝ ընդգծելով Էլիոթի սև հումորն ու տրտում տրամադրությունը համատեղելու բացառիկ հմտությունը։
«Սուլթանուհու երազը», Sultana’s Dream (2023)
Ռեժիսոր՝ Իսաբել Էրգերա, Իսպանիա
«Սուլթանուհու երազը» անիմացիոն ֆիլմի հիմքում Ռոկեյա Սախավաթ Հոսեյնի՝ 1905 թվականին լույս տեսած ֆեմինիստական գիտաֆանտաստիկ ու հակաուտոպիստական պատմվածքն է։
Ֆիլմի ռեժիսոր Իզաբել Էրգերան հայտնի է իր նորարական և էքսպերիմենտալ անիմացիոն ոճով, ում հաջողվում է սյուրռեալիստական, երազային պատկերների միջոցով հմտորեն ընդգծել գենդերային հավասարության և ուժային կառույցների վերաբերյալ սուր սոցիալական մեկնաբանությունները։
Ֆեմինիստական գիտաֆանտաստիկ պատմվածքով ոգեշնչված՝ Ինեսը որոշում է մեկնել Հնդկաստան և գտնել Հոսեյնի Լեդիլենդ կոչվող ուտոպիստական երկիրը, որտեղ իշխանությունը կանանց ձեռքերում է։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնում, որտեղ հատկապես գնահատվել են նրա համարձակ վիզուալ մոտեցումն ու ժամանակակից թեմաների շոշափումը։ «Սուլթանայի երազում» կանանց հզորացման և հասարակական փոփոխության մասին արտացոլումն այսօրվա աշխարհում դարձնում է խիստ արդիական։
Անզու անունով ուրվական-կատուն (Ghost Cat Anzu, 2024)
Ռեժիսորներն այս «արտասովոր» ֆիլմում միահյուսել են ճապոնական բանահյուսության և ժամանակակից սթորիթելինգի տարրերը։
Երբ 11-ամյա Կարինի հայրը նրան թողնում է Ճապոնիայի փոքրիկ գյուղաքաղաքում գտնվող վանական պապի տանը, որտեղ պապը խնդրում է իր կենսախինդ, պատրաստակամ, բայց քմահաճ ուրվական-կատվին՝ Անզուին, հոգ տանել աղջկա մասին։ Ֆիլմում ներկայացված է երկու հախուռն բնավորությունների բախումը։
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնում, որտեղ ճապոնական ավանդույթների և ժամանակակից անիմացիոն տեխնիկաների միաձուլումը հմայել է ինչպես կինոքննադատներին, այնպես էլ հանդիսատեսին՝ առաջարկելով յուրօրինակ զվարճալի փորձառություն։
Փոթորիկ (The Storm, 2024)
Ռեժիսոր՝ Ճըգանգ Յանգ, Չինաստան
Ֆիլմում «Հորդառատ անձրևը» հանդիսատեսին «տանում է» ավանդական չինական թանաքով ստեղծված նկարչության գունազարդ աշխարհ։ Հայտնվում է հարյուրամյա ջրասույզ նավը, կրկին կենդանանում են խորհրդավոր թատերախմբերը։ Ի՞նչ անօրինակ պատմություն են պատմելու անթիվ դիմակների հետևում թաքնված մարդիկ և անվերջ փոփոխվող աշխարհը։
Ֆիլմի պրեմիերան ևս տեղի է ունեցել միջազգային փառատոներում, այդ թվում՝ Անսիում՝ հանդիսատեսին տպավորելով իր վիզուալ էֆեկտների, բանահյուսության և երևակայության տարրերով։
Հիշեցնենք, որ լավագույն ֆիլմերով, վարպետաց դասերով ու հատուկ հյուրերով հագեցած ծրագրով «ՌեԱ» փառատոնն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 20-26։ Տոմսերն արդեն հասանելի են https://www.tomsarkgh.am/ReAnimania հարթակում։