Իտալիայի վարչապետը կգլխավորի իտալական պատվիրակությունը COP29-ի նստաշրջանում
11-10-2024 14:53:27 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն․ Նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29-ի նստաշրջանում Իտալիայի պատվիրակությունը կգլխավորի Իտալիայի կառավարության ղեկավար Ջորջիա Մելոնին, ադրբեջանական Report-ին հայտնել է Իտալիայի կառավարության կլիմայի փոփոխության հարցերով հատուկ բանագնաց Ֆրանչեսկո Կորվարոն։
«COP29-ին Իտալիան կներկայացնի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, իսկ նրա պատվիրակության կազմում կլինի նաև երկրի շրջակա միջավայրի նախարար Ժիլբերտո Պիչետո Ֆրանտին», - փոխանցել է Կորվարոն:
Եվրամիության անդամ Իտալիան Ադրբեջանի առաջատար առևտրային գործընկերն է և ադրբեջանական նավթի խոշորագույն ներկրողը։ Երկու երկրները վերջին տարիներին սկսել են համագործակցել նաև ռազմատեխնիկական ոլորտում։ Անցած տարի Հռոմը Բաքվին է վաճառել C-27J տեսակի ռազմական օդանավեր։
Անցյալ ամիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով Իտալիայի Չերնոբիո քաղաքում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել այդ երկրի իշխանությունների, այդ թվում՝ նախագահի, վարչապետի հետ։