Մեկնարկեց «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը․ Միացիր արշավներին, շահիր տուն, ստացիր կրթաթոշակ և նախագծերի ֆինանսավորում 10 մլն դրամի չափով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Մեկնարկեց «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը․ Միացիր արշավներին, շահիր տուն, ստացիր կրթաթոշակ և նախագծերի ֆինանսավորում 10 մլն դրամի չափով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 16-10-2024 16:08:24   | Հայաստան  |  Հասարակություն



 
Այսօրվանից Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նոր նախագիծը և հրավիրում բոլորին՝ այդ թվում նրանց, ովքեր բանկի հաճախորդ չեն, մասնակցել նախագծի արշավներին։ 
 
Նախագծի առաջին «Իմ Ամերիա, իմ Հայաստան» արշավի շրջանակներում մեզանից յուրաքանչյուրը հոկտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ կարող է քվեարկությամբ ընտրել այն ոլորտները, որոնց 2025 թվականին կուղղվի Ամերիաբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ու բարեգործական ծրագրերի բյուջեից 100 մլն դրամ։  
Քվեարկության ուղղությունները 8-ն են՝ երեխաների առողջություն, կրթություն, կայուն զարգացում, ՓՄՁ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գիտություն, մշակույթ և սպորտ։ 
 
«Իսկ մեր հաճախորդները հնարավորություն  կունենան քվեարկելու MyAmeria հավելվածի միջոցով, այս դեպքում նրանց քվեն կբազմապատկվի 10 անգամով։ 
Մեր նախագծի երկրորդ բաղադրիչը «Իմ Ամերիա, իմ տուն»․ արշավն   է, որի  շրջանակներում  մեր հաճախորդները հնարավորություն կունենան մասնակցելու խաղաղկությանը, նվերը շատ խորհրդանշական է՝ տուն Երևանի գեղեցիկ  թաղամասերից մեկում»,– ներկայացրեց Ամերիաբանկի Տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։ 
 
Մեծ խաղարկությանը մասնակցելու համար հաճախորդները կարող են կուտակել պրոմո կոդեր մինչև դեկտեմբերի 31-ը, իսկ պրոմո կոդ ստանալու տարբերակները բազմազան են՝ բացել հաշիվ Ամերիաբանկում,  պատվիրել քարտ, մուտք գործել MyAmeria, կատարել գործարքներ MyAmeria-ով, վճարել MyPay-ով, կատարել գործարքներ MyInvest-ով և հրավիրել ընկերներին` դառնալու Ամերիաբանկի հաճախորդ, օնլայն հարթակներով ստանալ հիփոթեք և ավտովարկ, ինչպես նաև բացել հաշիվ Ամերիա Բիզնես հարթակով: 
Որքան շատ պրոմո կոդեր ստանան հաճախորդները, այնքան կմեծանա նրանց՝ տուն շահելու հավանականությունը: 
 
«Երրորդ նախաձեռնությունն ինչպես արդեն նշվեց, «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթն է, որն ուղղված է ուսանողներին։ Հատուկ ցանկանում եմ նշել, որ այս նախաձեռնությունն իրականացվում է VISA–ի հետ համատեղ, որի միջոցով փորձում ենք թիրախավորել մեր ուսանողներին, և հատկապես այն ուսանողներին, ովքեր Հայաստանի ապագայի հանդեպ սրտացավ մոտեցում ունեն և պատրաստ են նոր մտեքերը փորձել իրականություն դարձնել՝ դրանով փորձել լուծել որոշակի խնդիրներ»,– իր հերթին մանրամասներ ներկայացրեց Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը 
 
Մրցույթի շրջանակներում պետական և մասնավոր ԲՈՒՀ–երի բացահայտված լավագույն ուսանողները հնարավորություն կունենան ստանալու երեք մրցանակ՝
160 կրթաթոշակ` ամսական 50,000 դրամի չափով 5 ամիս շարունակ, 2024-2025թ. երկրորդ ուսումնական կիսամյակի ընթացքում
10 լավագույնները կստանան հնարավորություն աշխարհի լավագույն բուհերից մեկում ուսանողական կարճաժամկետ ծրագրի մասնակցելու հնարավորություն
«Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրով 3 լավագույն նախագծերի ֆինանսավորում` ընդհանուր մինչև 10 մլն դրամի չափով։
 
Ա․ Բարսեղյանի խոսքերով՝ մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել 2024-2025 ուս. տարվա ուսանողները, ովքեր Ամերիաբանկի VISA Student քարտապան են, ընդ որում.
1. կրթաթոշակին հավակնելու համար անհրաժեշտ է լինել նվազագույնը 2-րդ կուրսի ուսանող, հավաքել ամենաբարձր միավորները թեստից, և ունենալ ամենաբարձր ՄՈԳ-ը (առնվազն 65%); 
2. Նախագծի ֆինանսավորում ստանալու և/կամ աշխարհի լավագույն բուհերից մեկի ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է հավաքել ամենաբարձր միավորները և՛ թեստից, և՛ նախագծերի գնահատումից /անկախ ՄՈԳ-ից/:
 
Նախագծերի գնահատումն իրականացնելու է անկախ ժյուրին, որի կազմում կլինեն Ամերիաբանկի ներկայացուցիչներ, VISA-ի ներկայացուցիչը և անկախ մասնագետներ տարբեր ոլորտներից: 
 
Նշենք, որ Ամերիաբանկը գործունեության ամբողջ ընթացքում միջազգային հեղինակավոր ամսագրերի կողմից ստացել է ավելի քան 100 մրցանակ, որոնցից 30-ը` Հայաստանի լավագույն բանկ անվանակարգում, ավելի քան 500 մլրդ դրամ է հատկացրել ՓՄՁ ոլորտի զարգացմանը, իսկ Վերջին 5 տարիներին բանկը եղել է ամենախոշոր հարկատուն Հայաստանում՝ պետբյուջե  վճարվելով  շուրջ 58 մլրդ դրամի հարկ։
 
 
Մանրամասները՝ տեսանյութում 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն