Էրդողանը հակաիսրայելական ալյա՞նս է ձևավորում, իսկ Ադրբեջա՞նը
02-11-2024 11:45:43 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am. Նոյեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանն ընդունել է Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ-Սուդանիին: Բանակցությունները կայացել են Ստամբուլում: Ըստ երեւույթին՝ հանդիպման վայրի ընտրությունը խորհրդանշական է. Կոստանդնուպոլիսը մի քանի դար Օսմանյան կայսրության մայրաքաղաքն է եղել, իսկ Իրաքի ներկայիս տարածքը՝ նրա մի մաս:
Ի՞նչպես հայտնում է «Անադոլուն, բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ: Թուրքիայի նախագահը գոհունակություն է հայտնել «ահաբեկչության դեմ պայքարում Իրաքի կառավարության ցուցաբերած աջակցության առթիվ»:
Էրդողանը կարևորել է նաև «Զարգացման ճանապարհ» նախագիծը, որ պետք է Իրաքը կապի Թուրքիայի միջերկրածովյան նավահանգիստներին և Եվրոպային: Աշխարհաքաղաքական նշանակության այդ հաղորդողին ծրագրվում է շահագործման հանձնել մոտ ապագայում: Այն կանցնի նաև Իրաքյան Քուրդիստանի տարածքով, որ սահմանակից է Թուրքիային:
Բանակցությունների առանցքային հարցը, որքանով հասկացվում է Թուրքիայի պետական լրատվական գործակալության հաղորդագրությունից, կապված է Իսրայելի հետ: Էրդողանը հայտարարել է, որ տարածաշրջանում Իսրայելի ագրեսիան ընդլայնվում է, որը սպառնալիք է ոչ միայն սահմանակից երկրներին, այլև միջազգային խաղաղությանը:
Թուրքիայի նախագահը վերստին շեշտադրել է, որ տարածաշրջանի երկրները պետք է գործեն միասնաբար, որպեսզի չեզոքացնեն դա և խաղաղություն ու կայունություն ապահովեն: Էրդողանը վերահաստատել է, որ Թուրքիան կշարունակի խաղաղության հաստատման ջանքերը:
«Անադոլուն» Իրաքի վարչապետից ոչ մի մեջբերում չի փոխանցում: Ալ-Սուդանիի Թուրքիա այցը տեղի է ունենում մի փուլում, երբ Միացյալ Նահանգները ջանքեր է գործադրում՝ հասնելու Լիբանանի հարավում հրադադարի հաստատման: Մյուս կողմից ամերիկյան «Ոուլ Սթրիթ Ջորնալը» գրել է, որ Իրանը նախապատրաստվում է Իսրայելին պատասխան հարված հասցնել և կօգտագործի Իրաքի տարածքը:
Ավելի վաղ Իրաքի կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և բողոքել, որ Իսրայելը խախտել է Բաղդադի սուվերենությունը և նրա օդային տարածքն օգտագործել Իրանի դեմ հարձակում գործելու համար:
ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ-դեսպան Յըլդըզը հանդես է եկել Իսրայելի նկատմամբ սպառազինությունների մատակարարման էմբարգո սահմանելու նախաձեռնությամբ: Նա մանրամասնություններ չի հայտնել, բայց վստահեցրել է, որ Անկարայի այդ առաջարկությունը մի շարք երկրներ արդեն իսկ պաշտպանել են:
Թուրքական դիվանագիտություն Իսրայելի ուղղությամբ գործում է բավական բարձր ակտիվությամբ, բայց որևէ շոշափելի արդյունք առայժմ չի արձանագրել: Այս ֆոնին խիստ արտառոց է, որ Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքում Էրդողանի նախաձեռնողականությանը: Գրեթե անհնար է կռահել՝ գործ ունենք Իսրայելի հարցում Անկարա-Բաքու հակադիր դիրքորոշումների հե՞տ, թե՞՝ դիվանագիտական խայծի: Ամեն դեպքում, կարծես, Անկարայի համար շատ դժվար պետք է լինի որևէ երկրի հակաիսրայելական դիրքորոշում հորդորել, եթե նրա մերձավորագույն դաշնակից Ադրբեջանը մնում է Նաթանյահուի կառավարության ռազմավարական դաշնակից: