11-11-2024 11:50:54 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. Ադրբեջանում այսօր մեկնարկում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը՝ COP29-ը։
ՄԱԿ-ի միջոցառումը Բաքվում անցկացնելու որոշումը կայացվեց 2023-ի դեկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական լայնածավալ հարձակումից և Արցախի հայաթափումից ընդամենը երեք ամիս անց։ Որոշումն ընդունվեց այդ թվում պաշտոնական Երևանի աջակցության շնորհիվ, ինչի դիմաց Բաքուն համաձայնեց ազատ արձակել 32 հայ ռազմագերիների։
COP միջոցառումների ընթացքում համաշխարհային առաջնորդները հավաքվում են՝ քննարկելու կլիմայի փոփոխության դեմ պայքարի լավագույն լուծումները:
Ներկայումս Կոնվենցիան ունի 198 կողմ՝ 197 երկիր և Եվրամիությունը:
Նախատեսվում է, որ մինչև նոյեմբերի 24-ը շարունակվող COP29-ի առաջնորդների գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 100 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, փոխնախագահներ։ Բաքու է մեկնել նաև Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
COP29-ին Ադրբեջանը նաև Հայաստանին է հրավիրել։
Մամուլը գրում է, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հնարավոր է՝ Բաքու մեկնի՝ պայմանով, որ Ադրբեջանը Հայաստանին գերիներ վերադարձնի:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում հիմա 23 հայ է գերության մեջ, նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունն է։ Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գերիներին չվերադարձնելու դեպքում COP29-ին մասնակցությունը ճիշտ չի համարել։