11-11-2024 13:52:53 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Ինչպես արդեն հայտնել ենք, Ադրբեջանում մեկնարկում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը։
ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 100 պետության և կառավարության ղեկավար հաստատել է իր մասնակցությունը համաժողովին։ Սակայն աշխարհի մի շարք առաջնորդներ ու պետական պաշտոնյաներ էլ հայտնել են, որ չեն մեկնելու Բաքու։
Այսպիսով՝ տարբեր պատճառաբանություններով COP29 համաժողովին չեն մասնակցի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Կանադայի, Ավստրալիայի, Նիդերլանդների, Հնդկաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության վարչապետներ Ջասթին Թրյուդոն, Էնթոնի Ալբանեզեն, Դիկ Սխոֆը, Նարենդրա Մոդին, Սիրիլ Ռամաֆոսան:
Հայաստանի Հանրապետությունից ևս պատվիրակություն չի մեկնել՝ թեև Բաքուն պաշտոնական հրավեր էր ուղարկել Երևանին:
Այս տարի COP29-ի գագաթնաժողովին կմասնակցի 40 հազար մարդ, մինչդեռ անցյալ տարի Դուբայի գագաթնաժողովին մասնակցել էր ընդհանուր առմամբ 83 հազար 884-ը: