«Արմսաթ-1» արբանյակը գործում է շուրջ 490-500 կմ բարձրության վրա և այս պահին էլ լուսանկարներ է անում. Մխիթար Հայրապետյան
11-11-2024 15:38:51 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1lurer. Հայկական «Արմսաթ-1» արբանյակը տիեզերք ուղարկելով խնդիր չի դրվել լուծել Հայաստանի բոլոր խնդիրները, լրագրողների հետ զրույցում նշել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը՝ հավելել, խնդիրը տիեզերական ոլորտում գործունեություն մեկնարկելն է և կառավարելու հմտություններ ձեռք բերելը: Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե 8 միլիոն դոլար է մսխվել արբանյակի վրա, Մխիթար Հայրապետյանը դրանք որակել է մանիպուլյացիա: Նշել է՝ արբանյակը գործում է շուրջ 490-500 կմ բարձրության վրա և այս պահին էլ լուսանկարներ է անում:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է.
«Կարող եմ ասել, որ այսօրվանից մեր մասնագիտական թիմերը ամբողջությամբ ստանձնել են «Արմսաթ-1» արբանյակի կառավարումը, արբանյակը կատարում է տիեզերական լուսնակարներ կոնկրետ լուծաչափերով: Դրանք, բնականաբար, չեն կարող լինել աշխարհի տարատեսակ, միլիարդավոր դոլարների արժեք ունեցող տեսանկարահանող արբանյակների որակին, բայց մենք ի սկզբանե նմանօրինակ խնդիր չենք էլ դրել, որովհետև 7 միլիոն դոլար ներդրումով ամբողջ տիեզերքը նվաճել՝ դա անմտություն կլինի:
Այս իմաստով մեզ համար կարևոր է արձանագրել, որ սա շատ մեծ քայլ առաջ էր ընդհանրապես տիեզերական ոլորտում գործունեություն մեկնարկելու, հետագայում արդեն մտածելու ավելի ցածր ուղեծրում արբանյակներ ունենալու, գեոստացիոնար կապի արբանյակներ ունենալու, ընդհանրապես, մեր երկրի անվտանգային նկատառումներից ելնելով այս ուղղության մեջ նորանոր ներդրումներ կատարելու, ռեսուրսներ կենտրոնացնելու, սակայն ունենալով զրոյական գիտելիքներ և կարողունակություններ ընդհանրապես արբանյակի հետ վերաբերվելու, արբանյակաշինության, արբանյակները կառավարելու, դրանցից ստացած պրոդուկտները ըստ էության կիրառելու, սրա համար հարկավոր են ինչ-որ կետից սկսել»: