Բաքվում դրական են գնահատել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը Կազանում


Բաքվում դրական են գնահատել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը Կազանում

  • 13-11-2024 11:51:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը դրական ազդակներ է ստեղծել բանակցությունների շարունակման համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը։«Կազանում շատ արդյունավետ հանդիպում է եղել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև, և մեր մտադրությունն է շարունակել բանակցությունները՝ հիմնվելով այդ ազդակների վրա», - ասել է Հաջիևը։ 2024 թվականի հոկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

Կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ 

Արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով։ 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը