Փարիզը մտադիր է Կիևին զենք մատակարարել ռուսական ակտիվների եկամուտների հաշվին
26-11-2024 15:21:19 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ֆրանսիան մտադիր է Ուկրաինային մատակարարել զենիթային հրթիռներ և այլ զինատեսակներ՝ ռուսական սառեցված ակտիվներից ստացած եկամուտների հաշվին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լեկոռնյուն Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների բանակցություններից հետո, որոնք տեղի են ունեցել Գերմանիայում։
«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային։ Ֆրանսիացի հարկատուներին հաճելի կլինի իմանալ, որ մենք գտել ենք Ուկրաինային մեր աջակցությունը ֆինանսավորելու նոր տարբերակներ: Հաջորդ ամիսներին մենք միջոցներ կձեռնարկենք այդ ուղղությամբ, մասնավորապես, մենք Կիևին կմատակարարենք Mistral հակաօդային պաշտպանության հրթիռներ, ինչպես նաև այլ զինատեսակներ, այդ թվում՝ Իտալիայի հետ համատեղ՝ ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտների հաշվին», - Լեկոռնյուի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
ԵՄ երկրների իրավասության ներքո է գտնվում ՌԴ Կենտրոնական բանկի՝ 2022 թվականին արգելափակված սուվերեն ակտիվների հիմնական մասը՝ մոտ 220 միլիարդ դոլարի: ԵՄ-ում համարում են, որ դրանց վերաներդրումից ստացված եկամուտները Ռուսաստանի սեփականությունը չեն հանդիսանում։Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը նաև հայտարարել է, որ «Աննա Կիևսկայա» բրիգադի մոտ 2300 ուկրաինացի զինվորական, որոնք պատրաստություն են անցել Ֆրանսիայում, մեկնել են Ուկրաինա։ Լեկոռնյուն նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է շարունակել Ուկրաինայի զինված ուժերի զինվորականների վերապատրաստումը և արձանագրել է նման կազմավորումների վերապատրաստման հնարավորությունների մեծացման անհրաժեշտությունը: