Խաղաղ բնակիչները վերադառնում են Լիբանանի հարավային շրջաններ


Խաղաղ բնակիչները վերադառնում են Լիբանանի հարավային շրջաններ

  • 27-11-2024 14:55:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլա»-ի միջև հրադադարն ուժի մեջ մտնելուց ժամեր անց խաղաղ բնակիչները սկսել են վերադառնալ Լիբանանի հարավային շրջաններ, թեև իսրայելցի զինվորականները հորդորել են չշտապել և չմոտենալ իսրայելական դիրքերին։
 
Երեկ ազդարարելով հրադադարի մասին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շեշտել է, որ Իսրայելն իրեն իրավունք է վերապահում վերսկսել գործողությունները Լիբանանում, եթե իրանամետ խմբավորումը խախտի կրակի դադարեցման պայմանները։
 
Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, որ առաջիկա երկու ամսվա ընթացքում թե՛ Լիբանանի հարավային շրջանների, թե՛ Իսրայելի բնակավայրերից տեղահանված բնակիչները կկարողանան ապահով վերադառնալ իրենց տներ։
 
Մինչ այդ, ըստ գործարքի, իսրայելական զորքերը պետք է հետ քաշվեն Լիբանանի տարածքից՝ դիրքերը զիջելով լիբանանյան բանակին, «Հեզբոլա»-ն էլ իր հերթին պետք է չեղարկի իր զինված ներկայությունը Լիտանի գետի հարավային սահմանի երկայնքով:
 
2023-ի հոկտեմբերից Գազայում սկսված պատերազմին զուգահեռ «Հեզբոլա»-ի հետ հակամարտությունը նույնպես սրվեց, միմյանց ուղղությամբ հարվածները այս ամբողջ ընթացքում չէին դադարում։ Երկու ամիս առաջ Իսրայելը Լիբանանում զանգվածային օդային հարձակում սկսեց, պարբերաբար թիրախավորում էր մայրաքաղաք Բեյրութը, սրան էլ հաջորդեց սահմանամերձ հատվածներում Իսրյալելի ցամաքային գործողությունը։ Այս ընթացքում Լիբանանում ավելի քան երեք հազար մարդ սպանվեց, նրանցից շատերը խաղաղ բնակիչներ էին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը