Լիբանանի և Իսրայելի ղեկավարները շնորհակալություն են հայտնել ԱՄՆ-ին հրադադար կնքելու հարցում աջակցության համար


Լիբանանի և Իսրայելի ղեկավարները շնորհակալություն են հայտնել ԱՄՆ-ին հրադադար կնքելու հարցում աջակցության համար

  • 27-11-2024 15:11:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույցներ են ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ շնորհակալություն հայտնելով նրան Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարի հասնելու գործում միջնորդական ջանքերի համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միքաթին Բայդենի հետ հեռախոսազրույցի մասին գրել է X սոցցանցում։«Ինձ զանգահարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը. զրույցի ընթացքում մենք քննարկել ենք ներկա իրադրությունը: Ես նրան շնորհակալություն հայտնեցի ԱՄՆ-ի կողմից Լիբանանին ցուցաբերած աջակցության և նրա պատվիրակ Հոխշտեյնի գործադրած ջանքերի համար:

Մենք ողջունել ենք Լիբանանում հրադադարի որոշումը, որը կազմակերպելու հարցում օգնեցին ԱՄՆ-ն և Ֆրանսիան», - հայտնել է Միքաթին։Միքաթին ընդգծել է, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը «հիմնարար քայլ է Լիբանանում խաղաղության և կայունության հաստատման ճանապարհին», ինչպես նաև կօգնի «տարածաշրջանում կայունության հաստատմանը»:Լիբանանում հրադադարի համաձայնագրի համար Բայդենին շնորհակալություն է հայտնել նաև Նեթանյահուն:

Ըստ Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած հայտարարության՝ հեռախոսազրույցի ընթացքում Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Լիբանանում հրադադարի համաձայնագրի հարցում միջնորդության և այն ըմբռնման համար, որ «Իսրայելն այն իրագործելիս պահպանում է գործողությունների ազատությունը»։ Նոյեմբերի 26-ին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը պաշտոնապես հավանություն է տվել Լիբանանում հրադադարի ծրագրին։

Այնուհետև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» կազմակերպության միջև համաձայնությունները նախատեսում են Լիբանանի ուժերի վերահսկողության վերականգնում իր տարածքի նկատմամբ 60 օրվա ընթացքում, ինչից հետո իսրայելական բանակն աստիճանաբար դուրս կբերվի Լիբանանի տարածքից, իսկ երկու կողմերի քաղաքացիական անձինք շուտով կկարողանան անվտանգ կերպով վերադառնալ իրենց բնակավայրերը և սկսել դրանց վերականգնումը:  

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը