Հարցուպատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար 2025 թվականից նախատեսվող սոցիալական աջակցության ծրագրի վերաբերյալ


Հարցուպատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար 2025 թվականից նախատեսվող սոցիալական աջակցության ծրագրի վերաբերյալ

  • 28-11-2024 11:50:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հարց 1։ Օգտվում եմ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից․ արդյոք կլինեմ 2025 թվականից նախատեսվող նորացված միջոցառման շահառու։
 
Պատասխան։ Այո՛, 2025 թվականից նախատեսվող նորացված սոցիալական աջակցության ծրագրի շահառուների շրջանակը նույնն է՝ ինչ 2024 թվականի ընթացքում։ Հետևաբար՝ միջոցառումից կարող են օգտվել ԼՂ այն հայրենակիցները, ովքեր՝ 
•         հանդիսացել են միանվագ 100 հազար դրամ աջակցության ծրագրի շահառու,
•         տեղահանվել են 2020 թ․ հետո և նրանց տվյալներն առկա են Օպերատիվ շտաբի կողմից տրամադրված՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ՀՀ-ում գտնվող ԼՂ բնակիչ հանդիսացած անձանց ցուցակներում,
•         ԼՂ-ից տեղահանված ընտանիքներում նոր ծնված կամ նոր ծնվող երեխաները։
 
2025 թ․ նախատեսվող ծրագրից չեն կարողանա օգտվել այն հայրենակիցները, ովքեր 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում ստացել են միայն 10,000 դրամ աջակցություն։ 
 
Հարց 2։ Որքա՞ն աջակցություն կստանամ 2025 թ․ նախատեսվող ծրագրի շրջանակում։
 
Պատասխան։ Հունվարից մարտ ամիսների համար աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ․ այնուհետև կփոփոխվի շահառուների շրջանակը և աջակցության չափը։ 
 
Հարց 3։ Ովքե՞ր կկարողանան օգտվել ապրիլից հունիս ամիսների համար նախատեսվող աջակցությունից և որքա՞ն կկազմի աջակցության չափը։
 
Պատասխան։ 2025 թ․ ապրիլից հունիս ամիսը ներառյալ աջակցության չափը կկազմի 40,000 դրամ, որից կարող են օգտվել հետևյալ առանձին խմբերի անձինք՝
•         1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձինք,
•         63 և ավելի տարեկան անձինք,
•         կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող անձինք,
•          մինչև 18 տարեկան երեխա են։
 
Հարց 4։ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում՝ արդյոք կշարունակեմ օգտվել նախատեսվող աջակցության ծրագրից։
 
Պատասխան։ Այո՛, եթե բավարարում եք նորացված ծրագրի պայմաններին, ապա ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի կարող խոչընդոտել օգտվել ծրագրից։ 
 
Հարց 5։ 2025 թ․ նախատեսվող ծրագրից օգտվելու համար արդյոք անհրաժեշտ է նոր դիմում ներկայացնել։
 
Պատասխան։ Եթե արդեն իսկ օգտվում եք 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից, ապա 2025 թ․ նոր դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ 
 
Հարց 6։ 2025 թ․ հուլիսից դեկտեմբեր ամիսների համար նախատեսվող աջակցությունից և՞ս կկարողանան օգտվել միայն առանձին խմբերի շահառուները։
 
Պատասխան։ Այո՛, 2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ աջակցությունը կտրամադրվի ԼՂ առանձին խմբերի շահառուներին՝ 30,000 դրամի չափով։ 
 
Հարց 7։ Հանդիսացել եմ ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շահառու․ արդյո՞ք կարող եմ օգտվել 2025 թ․ նախատեսվող ծրագրից։
 
Պատասխան։ Եթե հանդիսացել եք ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու և 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չեք ստացել հավաստագիր, ապա կարող եք օգտվել  2025 թ․ նախատեսվող ծրագրից (ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշում)։ 
 
Հարց 8։ Եթե ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում ստացել եմ հավաստագիր, սակայն հրաժարվել եմ, արդյոք կարող եմ օգտվել 2025 թ․ նախատեսվող ծրագրից։
Պատասխան։ Տվյալ ծրագրի շրջանակում անկախ հավաստագիրն իրացրած լինելու կամ հրաժարվելու հանգամանքից, 2025 թ․ նախատեսվող ծրագրից կկարողանան օգտվել ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հավաստագիր չստացած անձինք։  
 
Հարց 9։ Եթե ՀՀ-ում ունեմ անշարժ գույք, արդյոք կարող եմ համարվել 2025 թ․ գործող ծրագրի շահառու։
 
Պատասխան։ Այո՛, կարող եք օգտվել 2025 թ․ նախատեսվող ծրագրից, եթե ունեք ընդամենը մեկ անշարժ գույք, որի Ձեր բաժնեմասին համապատասխան մակերեսը փոքր է 20 քառակուսի մետրից: Ընդ որում, բնակության համար նախատեսված անշարժ գույք ունենալու պայմանը չի վերաբերում ԼՂ բնակապահովման ծրագրի շրջանակում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիրն իրացրած անձանց: 
 
Հարց 10։ Եթե նախատեսում եմ 2025 թ․ որոշակի ժամանակով բացակայել ՀՀ-ից, արդյոք կդադարեցվի աջակցության տրամադրումը։
 
Պատասխան։ Եթե 2025 թ․ նախատեսում եք բացակայել ՀՀ–ից, ապա տվյալ ամսվա աջակցության տրամադրումը կմերժվի։
 
Սակայն տվյալ ամսվա աջակցությունը ստանալու հնարավորություն ունեք հաջորդ ամիսների ընթացքում, եթե ՀՀ վերադառնալուց հետո լրացնեք նոր առցանց դիմում՝ https://rent.socservice.am/ հարթակում և եթե  Ձեր բացակայած օրերի թիվը պակաս է 10 օրից, այսինքն՝ չի գերազանցում 9 օրը։
 
 
ՀՀ ԱՍՀՆ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն