Հունգարիայում Հայաստանի դեսպանություն կբացվի


Հունգարիայում Հայաստանի դեսպանություն կբացվի

  • 28-11-2024 13:44:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Կառավարությունը նոյեմբերի 28-ի նիստում Հունգարիայում ՀՀ դեսպանություն ստեղծելու մասին որոշում է կայացրել:
 
Հիմնավորման մեջ նշվում է, որ 2022թ․դեկտեմբերի 1-ին Լոձում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները:
 
Դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո երկու երկրների միջև ընթանում է ակտիվ քաղաքական երկխոսություն, առկա է բազմաոլորտ երկկողմ օրակարգ, ինչն ընդգծվել է բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններով և բազմակողմ հարթակներում հանդիպումներով՝ նախագահների ու արտաքին գործերի նախարարների մակարդակով:
 
Հայաստանի համար Հունգարիան ունի կարևոր նշանակություն՝ որպես ԵՄ անդամ երկիր։
 
Հայ-հունգարական համագործակցության շրջանակը ներառում է քաղաքական, առևտրատնտեսական, միջխորհրդարանական, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ, աջակցության ծրագրերի շրջանակում իրականացվող արդյունավետ համագործակցություն, մասնագիտական հմտությունների ամրապնդման և կրթական ծրագրեր:
 
Հայ-հունգարական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի նաև ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և Արևելյան գործընկերության շրջանակներում:
 
Երկկողմ հարաբերություններում կարևոր դերակատարություն ունի նաև Հունգարիայի հայ համայնքը:
 
2024թ. մայիսի 6-ին նախարար Սիյարտոյի հրավերով կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխան այցը Հունգարիա, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մայրաքաղաքներում փոխադարձաբար դեսպանությունների բացման վերաբերյալ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը