Բախումներ, անկարգություններ և ջրցան մեքենաներ. ի՞նչ է կատարվել գիշերը Թբիլիսիում


Բախումներ, անկարգություններ և ջրցան մեքենաներ. ի՞նչ է կատարվել գիշերը Թբիլիսիում

  • 29-11-2024 11:29:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
sputnik. Վրաստանը կրկին փոթորկվեց, երբ հայտնի դարձավ, որ իշխանությունները որոշել են մինչև 2028 թվականը օրակարգից հանել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները։
 
Ամբողջ գիշեր Թբիլիսի կենտրոնում լարված իրավիճակ է եղել։ Ռուսթավելի պողոտայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են սկսվել։ Բողոքի ակցիայի մասնակիցներն աղբամաններ և անվադողեր են հրկիզել։
 
Վրաստանի հատուկջոկատայինները քանդել են արևմտամետ ընդդիմության տեղադրած բարիկադները՝ ցուցարարներին կենտրոնական հրապարակից հետ մղելով ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազով։
 
Ըստ վրացական լրատվամիջոցների` ձերբակալվածներ կան, 18 ուժային է տուժել։
 
Հիշեցնենք` երեկ, երբ հայտնի դարձավ, որ Վրաստանի իշխանությունները որոշել են մինչև 2028 թվականը օրակարգից հանել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները, Թբիլիսիում և մի քանի այլ խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ սկսվեցին:
 
Թբիլիսիի բողոքի ակցիային միացավ նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը, ինչպես և առաջատար ընդդիմադիր կուսակցությունները, պահանջում է խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնել երկրում: Նրանք պնդում են, որ հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ընտրությունները կեղծվել են։
 
Այս պահին Ռուսթավելի պողոտայի երթևեկությունը վերականգնվել է, իսկ այդ տարածքում գտնվող խորհրդարանի շենքում անվտանգության կարմիր ռեժիմ է սահմանվել:
 
Նշենք, որ Արևմուտքի և Թբիլիսիի միջև հարաբերությունները վատթարացան 2024 թվականի գարնանը՝ «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո։ Սառեցվեց կառավարությանը տրամադրվող օգնության մի մասը, և կասեցվեց երկրի ինտեգրումը ԵՄ-ին։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ և վիզային սահմանափակումներ սահմանեց Վրաստանի որոշ քաղաքացիների նկատմամբ: Կրակին յուղ լցրեց այս տարվա սեպտեմբերին Վրաստանում «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքի ընդունումը, որն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունը*:
 
Քննադատությունը շարունակվեց նաև հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքները հրաժարվեցին ճանաչել բոլոր չորս ընդդիմադիր ուժերը:
 
Վրաստանի իշխանությունները բազմիցս ասել են, որ հույս ունեն վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրամիության հետ։ Նրանք պնդում են, որ հավատարիմ են եվրոպական արժեքներին, իսկ վերոնշյալ օրենքներն ընդունվել են երկրի ազգային շահերից ելնելով։
 
*ԼԳԲՏ շարժումը ճանաչվել է ծայրահեղական և արգելված է Ռուսաստանի Դաշնության տարածքում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը