23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել
29-11-2024 12:20:28 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով պարզվել է տելեգրամյան ալիքի միջոցով ձեռք բերված՝ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության հերթական դեպքը։
2024թ․ նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:50-ին, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում, ոստիկանության ծառայողների կողմից Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածով, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Արաբկիրի բաժին է տեղափոխվել Աբովյան քաղաքի 34-ամյա բնակիչ: Անձնական խուզարկությամբ վերջինիս գրպաներում հայտնաբերվել է տարբեր գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված թվով 23 փաթեթ՝ 42.88 գրամ ընդհանուր քաշով:
Երիտասարդի բանավոր հայտարարությամբ՝ իր մոտից հայտնաբերված զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, որը ձեռք է բերել տելեգրամյան ալիքից՝ իրացնելու նպատակով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 396-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, նշված տղամարդը ձերբակալվել է։
Հայտնաբերված զանգվածներով նշանակվել է դատաքիմիական և դատաբուսաբանական համալիր փորձաքննություն։ Ստացված եզրակացության համաձայն՝ փաթեթներում առկա զանգվածներից վերցված նմուշները եղել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, մնացած մասով փորձաքննությունը շարունակվում է։
Ձեռք բերված փաստերի հիման վրա նրան ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել և, օգտվելով իր դատավարական կարգավիճակից, հրաժարվել է ցուցմունք տալ։
Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառելու վերաբերյալ, սակայն, դատարանի որոշմամբ, նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով՝ համակցված 500.000 ՀՀ դրամի չափով գրավ խափանման միջոցի հետ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: