Հայաստանն անշեղորեն իրականացնում է Քիմիական զենքի կոնվենցիայի դրույթները
29-11-2024 15:33:06 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հաագայում նոյեմբերի 25-29-ը տեղի է ունեցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) մասնակից պետությունների համաժողովի 29-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանի գլխավորությամբ:
«Գեորգի Քոչարյանը հանդես է եկել ազգային ելույթով, որում վերահաստատել է Հայաստանի վճռական հանձնառությունն ամբողջությամբ բացառելու քիմիական զենքի կամ հարակից վտանգավոր նյութերի կիրառման հնարավորությունը և ընդգծել, որ անդամակցությունից ի վեր Հայաստանն անշեղորեն իրականացնում է Քիմիական զենքի կոնվենցիայի դրույթները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ազգային ելույթում ընդգծվել է, որ Քիմիական զենքի կոնվենցիայի կիրարկման շրջանակներում առաջացող տարաձայնությունները պետք է հաղթահարվեն երկխոսության և համագործակցության միջոցով:Համաժողովի ընթացքում քննարկվել է Կոնվենցիայի իրականացման ընթացքը, առկա մարտահրավերները և առաջիկա քայլերը։ՀՀ պատվիրակությունն ունեցել է նաև մի շարք երկկողմ հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: