ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևանների նկատմամբ. Փաշինյան
11-12-2024 12:11:09 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Civilnet. Հայաստանի Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջ չի պարունակում հարևանների նկատմամբ։ Այդ մասին X-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՀՀ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջներին։
«Սահմանադրական դատարանը 2024-ի սեպտեմբերի 26-ի իր որոշման մեջ նշել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում»,- հիշեցնում է Փաշինյանը։
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը դեկտեմբերի 10-ին հայտարարել է, թե խաղաղության հասնելու հիմնական խոչընդոտներից մեկը Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջն է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու երկու հիմնական խոչընդոտ կա, մեկը Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներն են, որն արտացոլված է նաև Հայաստանի Անկախության հռչակագրում։ Այնտեղ նշվում է, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Երկրորդ խոչընդոտն այն է, որ Հայաստանի ներկայացուցիչները տարբեր դիրքորոշումներ ունեն»։