Թրամփը դիտարկում է Իրանին կանխարգելիչ ավիահարվածներ հասցնելու հնարավորությունը


Թրամփը դիտարկում է Իրանին կանխարգելիչ ավիահարվածներ հասցնելու հնարավորությունը

  • 13-12-2024 13:15:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Լրատվամիջոցի աղբյուրները պնդում են, որ Թրամփը երկու հնարավոր սցենար է քննարկում։
 
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի ուղղությամբ կանխարգելիչ ավիահարվածներ հասցնելու հնարավորությունը՝ Իսլամական Հանրապետությունում միջուկային զենքի ստեղծմանը խոչընդոտելու նպատակով: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Wall Street Journal»-ին։
 
Թերթի աղբյուրների խոսքով՝ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ վերջին հեռախոսազրույցների ընթացքում հայտնել է, որ իրեն մտահոգում է իրանական միջուկային առաջընթացի հնարավորությունը իր նախագահական ժամկետի ընթացքում, և որ ինքն այդպիսի ելքը կանխելու տարբերակներ է փնտրում:
 
Այլ աղբյուրների պնդմամբ՝ իրանական հարցի քննարկման ընթացքում երկու հնարավոր սցենար է ներկայացվել: Առաջին տարբերակը ենթադրում է Իրանի վրա ռազմական ճնշման ուժեղացում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում զորախմբի, ինքնաթիռների և նավերի ավելացում։
 
Բացի այդ, ԱՄՆ-ն կարող է Իսրայելին փոխանցել նորարարական զինատեսակներ, ինչպիսիք են բունկերների ոչնչացման համար նախատեսված ռումբերը, որոնք կարող են շարքից հանել իրանական միջուկային օբյեկտները:
 
Այլընտրանքային սցենարը հիմնված է ռազմական ուժի կիրառման սպառնալիքների և ԱՄՆ պատժամիջոցների խստացման համադրության վրա։ Դա պետք է Թեհրանին ստիպի համաձայնել դիվանագիտական կարգավորմանը։ Վերլուծաբանների կարծիքով՝ այս ռազմավարությունը հիշեցնում է այն մոտեցումը, որը Թրամփը կիրառում էր ԿԺԴՀ-ի նկատմամբ իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում, թեև Հյուսիսային Կորեայի դեպքում դիվանագիտությունը ակնկալվող արդյունքներ չտվեց:
 
Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը