Վրաստանի խորհրդարանում այսօր երկրի նախագահ են ընտրում


Վրաստանի խորհրդարանում այսօր երկրի նախագահ են ընտրում

  • 14-12-2024 11:30:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Վրաստանի խորհրդարանում այսօր նախագահական ընտրություններ են, որոնց լեգիտիմությունը չեն ճանաչում գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմադիր կուսակցությունները։
 
Խորհրդարանում այսօր անվտանգության դեղին մակարդակ է սահմանված, որը նշանակում է, որ այցելուների մուտքը սահմանափակ է՝ «պալատում աշխատանքային անվտանգ միջավայրի ապահովելու համար»։
 
Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ նախագահին ընտրում է ոչ թե ժողովուրդն, այլ ընտրիչների կոլեգիան, որ մեծամասամբ կազմված է իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմնակիցներից։ Եվ նրանց թիվը բավարար է թե՛ քվեարկության, թե՛ առաջին փուլում նախագահ ընտրելու համար։
 
Նախագահի միակ թեկնածուն ֆուտբոլի վետերան, ծայրահեղ աջ Միխեիլ Կավելաշվիլին է։ Նրա թեկնածությունն առաջադրել է «Վրացական երազանք»-ի հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։
 
Ընտրիչների կոլեգիայի կազմում կան նաև ընդդիմադիր գործիչներ, նրանք, սակայն, հրաժարվել են մասնակցել քվեարկությանը։ Ու քանի որ թեկնածուն մեկն է, երկրորդ փուլի հնարավորություն չկա։
 
Քվերակությանը զուգահեռ ընդդիմադիրները հավաքվում են Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։
 
Վրաստանի պետանվտանգության ծառայությունն օրերս հայտարարել էր, թե «ընդդիմությունը փորձելու է տապալել դեկտեմբերի 14-ին կայանալիք 6-րդ նախագահի ընտրությունը»։
 
Կառույցը պնդել էր, թե հակակառավարական ցույցերի մասնակիցներն առաջիկա օրերին պատրաստվում են սրել իրավիճակը, ինչին կհետևի երկու-երեք մարդկանց մահը։ «Այս «զոհաբերությամբ» նրանք փորձելու են նոր լիցք հաղորդել բողոքի ակցիաներին, նպաստել արմատական տրամադրությունների աճին, ինչն էլ, իր հերթին, կհանգեցնի անկառավարելի գործընթացներին», - նշված էր հայտարարության մեջ։
 
Վրաստանում բողոքի ակցիաներն սկսվեցին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, թե մինչև 2028 թվականը կասեցվում են Եվրոպական միության հետ անդամակցության շուրջ բանակցությունները: Վերջին օրերին կառավարության հեռացման պահանջով հազարավոր քաղաքացիներ Թբիլիսիի փողոցներում ցույցեր էին անում, որոնք ուղեկցվում են ուժայինների հետ բախումներով։ Տասնյակ մարդիկ են հոսպիտալացվել ոստիկանական հատուկ միջոցների կիրառման հետևանքով, ավելի քան 250 ցուցարար է ձերբակալվել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը