Վրաստանի խորհրդարանի խոսնակը հստակեցրել է՝ երբ Զուրաբիշվիլին այլևս նախագահ չի համարվի


Վրաստանի խորհրդարանի խոսնակը հստակեցրել է՝ երբ Զուրաբիշվիլին այլևս նախագահ չի համարվի

  • 14-12-2024 13:14:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Պապուաշվիլին հայտարարել է, որ նախագահն արդեն խախտել է բոլոր նորմերը, Սահմանադրությունը, օրենքը և մարդկային էթիկայի նորմերը։
 
Սալոմե Զուրաբիշվիլին կդադարի լինել Վրաստանի նախագահ նորընտիր նախագահի երդմնակալության պահից՝ դեկտեմբերի 29-ին: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Նրա խոսքերը մեջբերում է Sputnik Վրաստանը։
 
Վրաստանի խորհրդարանի շենքում այժմ ընթանում են Վրաստանի 6-րդ նախագահի ընտրությունները: Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 14:00-ն, որից հետո ԿԸՀ-ն կհաշվի քվեները և կհայտարարի հաղթողին: Վրաստանի նախագահի միակ թեկնածուն Միխայիլ Կավելաշվիլին է, որի թեկնածությունը ներկայացրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընդդիմությունը, նրան սատարող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ոչ կառավարական կազմակերպությունները համարում են, որ XI գումարման խորհրդարանն ու կառավարությունը լեգիտիմ չեն: Ըստ նրանց` ապագա նախագահը նույնպես լեգիտիմ չի լինի։
 
«Երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին, և նոր նախագահի երդման պահից տիկին Սալոմեն այլևս չի զբաղեցնի նախագահի պաշտոնը։ Իմ կոչն է չդավաճանել վրաց ժողովրդին՝ այս գործընթացը խոչընդոտելով կամ սաբոտաժ սկսելով», - ասել է Պապուաշվիլին։
 
Վրաստանի խորհրդարանի նախագահը նշել է, որ նախագահն արդեն խախտել է բոլոր նորմերը, Սահմանադրությունը, օրենքը և մարդկային էթիկայի նորմերը:
 
Իսկ այդ ընթացքում Սալոմե Զուրաբիշվիլին հայտնվել է Ռուսթավելի պողոտայում, որտեղ բողոքի ակցիա է ընթանում։ Նա հայտարարել է, որ աշխատանքի է գնում նախագահի նստավայր։ Նա ԶԼՄ-ների համար այլ մեկնաբանություններ չի արել։
 
Զուրաբիշվիլին հրաժարվում է լքել նախագահական նստավայրը՝ Թբիլիսիի կենտրոնում գտնվող Օրբելիանիի պալատը։
 
«Մենք դեռ կտեսնենք, թե ով է հեռանալու», - գրել է նախագահը սոցցանցի իր անձնական էջում:
 
Զուրաբիշվիլին պնդում է, որ մինչ նոր խորհրդարանական ընտրությունների միջոցով երկրի ղեկավարության փոփոխությունը իշխանության միակ լեգիտիմ ներկայացուցիչը կարող է լինել միայն ինքը:
 
Հիշեցնենք, որ Վրաստանում ակցիաներ սկսվեցին նոյեմբերի 28-ին իշխանությունների այն հայտարարությունից հետո, թե ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը մինչև 2028 թվականը հանում է օրակարգից: Ամեն երեկո Վրաստանի խորհրդարանի մոտ հարյուրավոր մարդիկ են հավաքվում, բողոքի ակցիաները վերաճում են անկարգությունների։
 
Ցուցարարները ուժայինների վրա քարեր, «Մոլոտովի կոկտեյլներ» են շպրտում, ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը