Այս պահին որևէ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու․ նախարար


Այս պահին որևէ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու․ նախարար

  • 10-01-2025 14:43:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Լիդիան Արմենիան» հանքը շահագործելու բոլոր թույլտվություններն ունի:
 
Այս մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
 
«Մասնավորապես շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում թույլտվության մասով Ամուլսարը, եթե չեմ սխալվում, երկու փորձաքննություն է անցել՝ 2014 և 2016 թվականներին: 
 
Ամուլսարն ունի թույլտվություններ՝ հանքը շահագործելու, և այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ այս գործընթացը որևէ ձևով կասեցնելու»,- հայտարարեց նախարարը։
 
Ինչ վերաբերում է հանքը շահագործելու ռիսկերին, ապա, ըստ նրա, ընդերքօգտագործման դեպքում բնության համար միշտ ռիսկեր գոյանում են: Բայց ժամանակակից աշխարհում ժամանակակից գործիքներ ու նոր տեխնոլոգիաներ կան, որոնք որևէ գործունեության պարագայում կարող են օգնել, որպեսզի նվազեցվի կամ չեզոքացվի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը:
 
«Եթե մենք որևէ գործունեության տեսակ, որը համարում ենք, որ բնությանը կարող է վնաս հասցնել, ազդեցության գնահատման փորձաքննություն ենք իրականացնում, և, ըստ էության, եթե գործունեության տեսակը, վայրը և մնացած պայմանները թույլատրելի են, գործունեության ընթացքում պայմաններ ենք ներկայացնում, այդ թվում՝ ասում ենք՝ հարկ կվճարես, որ սուբվենցիա անենք, որպեսզի նվազեցնենք ազդեցությունը շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա»,- ասաց նախարարը և հավելեց, որ այս քաղաքականությունը գործելու է նաև Ամուլսարի պարագայում:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը