Երևանի մաքսային սպասարկման սրահում հունվարի 18-ից ապրանքների հայտարարագրերի սպասարկումը կիրականացվի «Ծանուցման» էլեկտրոնային համակարգի միջոցով


Երևանի մաքսային սպասարկման սրահում հունվարի 18-ից ապրանքների հայտարարագրերի սպասարկումը կիրականացվի «Ծանուցման» էլեկտրոնային համակարգի միջոցով

  • 17-01-2025 15:41:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մաքսային բարեփոխումների շրջանակում, 2025 թվականի հունվարից մաքսային մարմնում մեկնարկել է «Ծանուցման» էլեկտրոնային համակարգի ամբողջական ներդրման գործընթացը։
 
Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հունվարի 18-ից Երևանի Իսակովի 10 հասցեում գտնվող մաքսային սպասարկման սրահ (մաքսային մարմնի ծածկագիր` 05100010)  ֆիզիկապես այցելելու անհրաժեշտություն այլևս չկա։ Ապրանքների հայտարարագրերի սպասարկումը կիրականացվի «Ծանուցման» էլեկտրոնային համակարգի միջոցով՝ հեռավար եղանակով։
 
Ապրանքների հայտարարագիրը ներկայացվելուն պես, մաքսային ծառայողն ինքնաշխատ համակարգի միջոցով անմիջապես կստանա  էլեկտրոնային ծանուցում` հայտարարագրի ներկայացված լինելու վերաբերյալ և կիրականացնի անհրաժեշտ մաքսային գործառնությունները, որից հետո ապրանքների բացթողնման վերաբերյալ հայտարարատուն կամ վերջինիս ներկայացուցիչն էլեկտրոնային եղանակով կստանան ծանուցում: Միաժամանակ, ապրանքների հայտարարագրի գծով իրականացվող մաքսային գործառնությունների ժամանակ լրացուցիչ փաստաթղթերի կամ տեղեկությունների ճշտման անհրաժեշտության դեպքում, մաքսային ծառայողները հայտարարատուների հետ նույնպես շփվելու են տվյալ էլեկտրոնային համակարգի միջոցով:  
 
Հիշեցնենք, որ դեռևս 2025 թվականի հունվարի 3-ից, «Զվարթնոց» օդանավակայանով (այդ թվում` «Կարգո» բեռնային համալիրով), ինչպես նաև փոստային կամ սուրհանդակային ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով  ժամանող և մեկնող բեռների գծով ներկայացված ապրանքների հայտարարագրերի (մաքսային մարմնի ծածկագիր` 05100011) սպասարկումն արդեն իսկ իրականացվում է «Ծանուցման» էլեկտրոնային համակարգի միջոցով:
 
Ապրանքների հայտարարագրի գրանցումից հետո բացթողնման գործընթացն ավելի արագ կազմակերպելու նպատակով Կոմիտեն հայտարարատուներին հորդորում է՝ նախքան ապրանքների հայտարարագրի գրանցումը, վճարել և «90009» դասակարգչի ներքո կցել տվյալ հայտարարագրի շրջանակում առաջացած պարտավորությունների (հարկերի, տուրքերի և այլ վճարների) վճարումը հիմնավորող փաստաթղթերը:
 
Միաժամանակ, ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ մինչև 2025 թվականի հունվար ամսվա ավարտը, «Ծանուցման» էլեկտրոնային համակարգին անցում կկատարեն նաև  Գյումրիում, Վանաձորում և Սիսիանում գտնվող մաքսային մարմինները, ինչի վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ: 
 
 
ՀՀ ՊԵԿ 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն