Երևանը փորձում է հաշվի առնել Մոսկվայի շահերը միջազգային հարթակներում և նույնն ակնկալում է Մոսկվայից. Միրզոյան


Երևանը փորձում է հաշվի առնել Մոսկվայի շահերը միջազգային հարթակներում և նույնն ակնկալում է Մոսկվայից. Միրզոյան

  • 21-01-2025 15:35:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Երևանը միջազգային հարթակներում մշտապես փորձում է հաշվի առնել Ռուսաստանի շահերը և ցանկություն կա, որ Մոսկվան էլ միջազգային հարթակներում որոշ չափով հաշվի առնի Հայաստանի Հանրապետության շահերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում ընթացող բանակցությունների ընթացքում։ Նրա խոսքով՝ միջազգային հարթակներում փոխգործակցությունը երկկողմ հարաբերությունների օրակարգում  է, և Երևանը նպատակ ունի այդ ավանդույթը շարունակել։«Մյուս կարևոր ցուցանիշը միջազգային հարթակներում համագործակցությունն է։

Մենք մշտապես փորձում ենք ըմբռնմամբ վերաբերվել Ռուսաստանի Դաշնության շահերին, ցանկություն և ընկալում կա, որ ռուսական կողմը ևս միջազգային հարթակներում որոշ չափով հաշվի առնի Հայաստանի Հանրապետության շահերը»,-նշել է Արարատ Միրզոյանը։ Միրզոյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը մտադիր է Ռուսաստանի հարաբերությունները զարգացնել՝ հիմնվելով փոխշահավետ գործընկերության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա, որը համապատասխանում է երկու երկրների շահերին։

ՀՀ ԱԳ նախարարը նաև նկատել է, որ հայ-ռուսական հարաբերությունների կարևոր բաղադրիչ է համարվում նաև տնտեսական գործընկերությունը, որտեղ նկատվում է կայուն դրական արդյունք, ինչն էլ դրական ազդեցություն է ունենում առևտրային հարաբերությունների վրա։ 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը