Քննարկումներ են տեղի ունենում. ԱԺ նախագահի անդրադարձը Մինսկի խնբի լուծարման վերաբերյալ


Քննարկումներ են տեղի ունենում. ԱԺ նախագահի անդրադարձը Մինսկի խնբի լուծարման վերաբերյալ

  • 21-01-2025 15:50:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ լրագրողներից մեկի հարցին, որը վերաբերում էր նրան՝ արդյոք իշխանությունը շարունակո՞ւմ է մնալ այն կարծիքին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի Խաղաղության պայմանագրի կնքումից հետո։
 
Նրա խոսքով՝ հիմա քննարկումներ են տեղի ունենում:
 
«Դուք ինքներդ շեշտեցիք, որ այսօր Ռուսաստանում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումն է տեղի ունենալու: Հիմա ես Ազգային ժողովից ինչ-որ նարատիվ դնեմ քննարկումների մեջ ու ԱԳ նախարարին դնեմ կաղապարների մեջ՝ կարծում եմ՝ ճիշտ չէ»,- ասաց Սիմոնյանը՝ շեշտելով՝ չկա այնպիսի հարց, որը չի քննարկվելու, քանի որ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը Ռուսաստանն է:
 
«Բանակցությունները, քննարկումները լինում են հետևյալ կերպ. ամեն կողմը հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն է ներկայացնում, և քննարկումների մեջ գտնվում է ոսկե միջինը»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
 
Լրագրողներից մեկի դիտարկմանն այն մասին, որ Ալեն Սիմոնյանը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքը դրական է գնահատել, սակայն Ալիևի պահանջներից մեկը երրորդ երկրների ներկայությունը բացառելն է, ԱԺ նախագահը պատասխանեց, որ Հայաստանն էլ, ի պատասխան, իր առաջարկն է ներկայացրել:
 
«Հենց այդ ասածի վերաբերյալ մեր առաջարկն ենք ներկայացրել: Չեմ կարող բարձրաձայնել, դա բանակցային պրոցեսին կվնասի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
 
Ինչ վերաբերում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգմանը, ԱԺ նախագահը հույս հայտնեց՝ այն Հայաստանում կերկարաձգվի:
 
Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ այն կետերում, որտեղ կլինի դեմարկացված սահման, օրինակ՝ Կիրանցի շրջանում, դիտորդական առաքելություն իրականացնելու կարիք չլինի:
 
«Բայց որևէ հստակ բան այս պահին չեմ կարող ասել»,- խոսքը եզրափակեց Սիմոնյանը:
 
 
Հեղինակ`Կարմեն Ղուկասյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը