Ալեքսանդր Սիրունյանը հետ է վերցնում իր թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնից
22-01-2025 15:03:16 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. Ոչ վաղ անցյալում Ալեքսանդր Սիրունյանը հակաարցախյան գրառումներ էր արել, հետո ջնջել դրանք ու սահմանափակել իր էջի հասանելիությունը։
Ալեքսանդր Սիրունյանը որոշել է հետ վերցնել իր թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնից։
«Քննարկումների արդյունքում կամովին որոշել եմ իմ թեկնածությունը հանել»,– հայտարարել է նա:
Հիշեցնենք` ոչ վաղ անցյալում Ալեքսանդր Սիրունյանը բարեվարքությանը հակասող հակաարցախյան գրառումներ էր արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Դրանցից մեկում նա նեղսրտել էր, որ դեռ նոր բռնագաղթած արցախցիները Երևանի տարբեր հատվածներում ժենգյալով հաց էին թխում ու վաճառում, հետո էլ դժգոհություն էր հայտնել, թե շուտով «դոմիկներ» են դնելու կենտրոնում, քանի որ Սայաթ-Նովա պողոտայից բացի այլ տեղ չեն կարող ապրել։
Հիմա նա ջնջել է այդ գրառումները, էջն էլ ամբողջությամբ փակել, ու գրառումները երևում են միայն 2024 թվականի հոկտեմբերից սկսած։ Ի դեպ, այդ ժամանակվանից ի վեր էջում 17 գրառում ունի ու բավականին հաճախակի տեղադրում է Նիկոլ Փաշինյանի լուսանկարները։ Հիմա նույնիսկ էջի հետնապատկերում է Նիկոլ Փաշինյանը։
Հունվարի 20-ին մեկնարկած ԱԺ 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ, երբ քննարկվում էր Ալեքսանդր Սիրունյանի թեկնածության հարցը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը պնդեց` արցախցիների մասին մեղմ ասած ոչ հաճելի և վիրավորական գրառումները մի օր քրեաիրավական գնահատականի կարժանանան։
ԲԴԽ անդամի թեկնածուն վստահեցրեց` իր բոլոր գրառումների մասին խոսում են կոնտեքստից կտրված։ Անմիջապես հետո էլ հայտնեց` «Ֆեյսբուքի» իր էջը կոլեկտիվ էջ է։
Անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ հետաքրքրվեց` արդյոք Սիրունյանը հարբեցողության հետ սեր ունի, թե ոչ։
Նա պարզաբանեց` իր հոգեբան–հոգեբույժ ընկերն ասել է, թե «Ֆեյսբուքում» հրապարակային հայհոյախոսում են հարբեցողության նկատմամբ հակում ունեցող մարդիկ։
«Չէ, շնորհակալ եմ հարցի համար։ Եթե դեմ չեք, երկուսս էլ տղամարդ ենք` հարմար պահի գնանք, իրար հետ արյան անալիզ հանձնենք»,– պատասխանեց Սիրունյանը։
Հիշեցնենք, որ 2024–ի նոյեմբերի 5-ին ՔՊ վարչության նիստի ժամանակ էր որոշվել է ՔՊ խմբակցությանն առաջարկել քննարկել Ալեքսանդր Սինունյանի թեկնածությունը որպես ԲԴԽ անդամ։ Նոյեմբերի 27-ին ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրեց Սիրունյանի թեկնածությունը։
Մինչ այդ՝ հոկտեմբերին, նա ՀՀ արդարադատության նախարարի թեկնածուներից էր, սակայն վարչության նիստում Սիրունյանն առհասարակ քվե չէր ստացել։