Նահատակ լինելու դերի դեմ պայքարելու ենք․ Նիկոլ Փաշինյան
04-02-2025 16:00:51 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Վաշինգտոնում ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը ինքը պետք է իրեն ընկալի որպես իր խնդիրների լուծման առաջին գործոն։
«Երբ խնդիր ունենք տարածաշրջանում, մեր առաջին ռեակցիան այն է՝ դիմենք այնտեղ, դիմենք այստեղ, ընդ որում՝ հասկանալի է, թե ինչու ենք այդպես վարվել, բայց մենք պետք է մեր դիտանկյունը փոխենք ու ասենք, որ եթե խնդիր ունենք տարածաշրջանում, առաջինը մեզ պետք է ընկալենք որպես այդ խնդրի լուծման սուբյեկտ»,- ասել է նա։
Ըստ նրա՝ այդ գործելակերպի վառ օրինակը մեր պատմության մեջ Խրիմյան Հայրիկն է, և այդ մեթոդաբանությունը պետք է ընկալվի իր միջոցով․ «Վերջերս, չգիտեմ՝ ինչու, աղմուկ հանած իմ հայտարարությունը՝ Ցեղասպանության մասին, դրա մասին էր։ Պետք է հասկանանք, որ կային ուժեր, որոնց առանցքային գործիքը մեզ կառավարելու հետևյալն էր․ անհնար դարձնել մեր ինքնուրույն ապրելը մեր միջավայրում, որպեսզի մենք լինենք ավելի կառավարելի»։
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է․ «Ես այդ մասին գլխի եմ ընկել վարչապետ լինելու ընթացքում ամենատարբեր գործնական խնդիրներ լուծելիս, գործնական իրավիճակներում, խոսակցություններից, նախադասություններից։ Նույն խոսակցությունն ունենում եմ ամենատարբեր ղեկավարների հետ, որոնց ասածը հետևյալն է՝ գիտեք ինչ, այս աշխարհում ամեն մեկն իր դերն ունի, ձեր դերը նահատակն է, ժողովուրդ, ինչու եք խառնվել իրար։ Երբ մենք ասում ենք՝ հա, հասկանում ենք, որ մենք նահատակվել ենք, շատ դեպքերում դուք եք օգնել, որ մենք նահատակվենք, բայց մենք էլ չենք ուզում նահատակ լինել, ուզում ենք լինել սովորական ապրող ժողովուրդ, ուզում ենք՝ ՀՀ-ում սովորական մարդը ապրի սովորական կյանքով՝ առավոտը վեր կենա, մի բաժակ սուրճ խմի, նորմալ տրանսպորտ լինի, գնա գործի, հետ գա տուն, տարին մի անգամ գնա ինչ-որ տեղ հանգստանալու, և իր դերը չլինի նահատակ ժողովրդի ներկայացուցիչ լինելը։ Նահատակ լինելու դերի դեմ մենք պայքարելու ենք և պայքարելու ենք հանուն սովորական կյանքով․․․ դա արդեն ուրիշ պարամետր է, սովորական բարեկեցիկ կյանքով ապրող սովորական երկիր լինելու։ Սա է այն գաղափարախոսության փոփոխությունը, որ տեղի է ունենում, ես այս գաղափարախոսությունն իրականություն դարձնելը համարում եմ մեր պատմական առաքելությունը»։