Զելենսկին օգտակար հանածոների ոլորտում Թրամփին գործարք է առաջարկում
08-02-2025 13:55:58 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ին հազվագյուտ հողային մետաղներ ու այլ օգտակար հանածոներ մատակարարելու ցանկությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Զելենսկին այս մասին խոսել է Reuters-ի հետ հարցազրույցում:Թրամփն օրեր առաջ հայտարարել էր՝ ցանկանում է, որ Ուկրաինան ԱՄՆ-ին մատակարարի հազվագյուտ հողային մետաղներ և այլ օգտակար հանածոներ՝ Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային ֆինանսապես աջակցելու դիմաց:
«Եթե մենք խոսում ենք գործարքի մասին, ապա եկեք գործարք կնքենք, մենք միայն կողմ ենք դրան»,-ասել է Զելենսկին՝ ընդգծելով Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունը, որոնք պետք է տրվեն իր դաշնակիցներից՝ որպես ցանկացած համաձայնագրի մաս: Ուկրաինան անցյալ տարվա աշնանն էր հանդես եկել կարևոր օգտակար հանածոները դաշնակիցների ներդրումների համար բացելու գաղափարով՝ ներկայացնելով իր «հաղթանակի ծրագիրը»:Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի հանքային ռեսուրսների 20 տոկոսից քիչ մասը, այդ թվում՝ հազվագյուտ հողային մետաղների հանքավայրերի մոտ կեսը ռուսական վերահսկողության տակ են: