Իսկ Ուկրաինայում օպորտունիստներ չգտնվեցին


Իսկ Ուկրաինայում օպորտունիստներ չգտնվեցին

  • 12-03-2025 19:12:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am Ջիդդայում ամերիկա-ուկրաինական բանակցությունների շուրջ վերլուծությունների պակաս չկա: Ուշադրություն է գրավում արևմտյան միանգամից մի քանի լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, որ Սպիտակ տան Օվալաձև սրահի «սկանդալից» հետո Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի թիմը խորհրդատվական քննարկումներ է ունեցել Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոյի և նախկին վարչապետ Տիմոշենկոյի հետ:
 
Թրամփը, ինչպես հայտնի է, Զելենսկուն անվանել էր դիկտատոր, որ չի ցանկանում ընտրություններ անցկացնել: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Զելենսկին լեգիտիմ չէ, Ուկրաինայում սահմանադրական իշխանությունը ներկայացնում է միայն Գերագույն ռադան: Դա ակնհայտ ուղերձ էր, որ Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի ժողովրդի ներկայացուցիչների հետ «խաղաղության բանակցություններ» սկսել, բայց այդ նախաձեռնությունը Կիևում մնաց անարձագանք:
 
Ռուսաստանցի որոշ փորձագետներ տպավորություն ունեին, որ Թրամփը Զելենսկուն վռնդել է Սպիտակ տնից և այլևս նրա հետ գործ չի ունենա: Ըստ երևույթին՝ Սպիտակ տան ներկայացուցիչները Պորոշենկոյի և Տիմոշենկոյի հետ առանձին-առանձին քննարկել են Ուկրաինայում նախագահական ընտրությունների համար անհրաժեշտ հող նախապատրաստելու հավանականությունը:
 
Նախկին նախագահ Պորոշենկոյի հայտնի հայտարարությունը, որ պատերազմական իրավիճակում ինքը Զելենսկուն չի քննադատի, կարելի է դիտարկել նրա հետ Թրամփի թիմի «կոնֆիդենցիալ աշխատանքի» համատեքստում և ընկալել որպես «ուկրաինական ապստամբություն նախաձեռնելու» առաջարկի մերժում: Ամենայն հավանականությամբ, Սպիտակ տան «գնահատանքին» նույն կերպ է պատասխանել նաև նախկին վարչապետ Տիմոշենկոն:
 
Ուկրաինայի դեմ պատերազմի «հիմնավորումներից» մեկն այն է, որ ռուս և ռուսախոս բնակչությունն իրավազուրկ է և նրա շահերը պետք է պաշտպանվեն։ Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Ռուսաստանի պաշտոնական քարոզչությունը հաճախ հղում է անում ուկրաինական մարզերում գործող ընդհատակյա կառույցների տեղեկատվությանը։ Փաստ է, սակայն, որ անգամ Դոնբասի ուկրաինական վերահսկողության ներքո գտնվող տարածքներում, ի պաշտպանություն Ռուսաստանի, որևէ զանգվածային շարժում, առավել ևս՝ Ուկրաինայի դեմ զինված պայքար չի երևակվում:
 
Ռուսաստանին աջակցող շարժումներ չկան Խերսոնի, Զապորոժիեի, Նիկոլաևի մարզերում և անգամ Օդեսայում կամ Խարկովում, որտեղ ռուս և ռուսախոս բնակչությունը պատմականորեն մեծամասնություն է կազմում: Ուկրաինական կողմի ներկայացմամբ՝ եթե հրադադարի համաձայնություն ձեռք բերվի, քննարկվելու է նաև հարկադրաբար տեղահանված բնակչության վերադարձի հարցը:
 
Հայտնի չէ, թե խոսքն ի՞նչ քանակի և Ուկրաինայի ո՞ր մարզերից հարկադրաբար Ռուսաստան տարհանված մարդկանց մասին է խոսքը, բայց խնդիրն առկա է և Մոսկվայի համար կարող է բավական ցավոտ լինել, եթե Ուկրաինայի ռուս քաղաքացիները հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնեն, քանի որ այդ դեպքում Ուկրաինայի «դենաֆիկացման» ռուսաստանյան նարատիվը բացարձակ անհեթեթության կվերածվի:
 
Բացառված չէ, որ Զելենսկու և ուկրաինական կարգավորման հանդեպ ԱՄՆ նախագահի վերաբերմունքը որոշակի փոփոխության է ենթարկվել ներուկրաինական իրավիճակի ավելի հանգամանալի վերլուծության արդյունքում: Գործարքը՝ գործարք, բայց պետք է հաշվարկել նաև հետկոնֆլիկտային կարգավորումների բարդությունը: Շատ ցավոտ պարտություն Ռուսաստանը կրել է Մերձբաթիկայում, երբ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի ռուս բնակչության մեծամասնությունը գերադասեց քաղաքացիություն ընդունել և ապրել որպես եվրոպացի: Ոչ ոք Ղրիմի, Դոնբասի, ուկրաինական մյուս մարզերի բնակչության կարծիքը չի հարցրել, իսկ Ուկրաինայի քաղաքական վերնախավում, ինչպես երևում է, օպորտունիստներ չկան: Գոնե առայժմ այդպիսիք բացահայտված չեն: Ըստ երևույթին, նաև այդ պատճառով է Վլադիմիր Պուտինը պնդում, որ խաղաղության պայմանագիրը պետք է ամրագրի Ղրիմի, Դոնբասի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի ռուսաստանապատկանությունը: Բայց ի՞նչ երաշխիք, որ «ազատագրված ուկրաինացիները» վաղը չեն ապստամբի:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը