Էր Ռիադի The Ritz-Carlton հյուրանոցում մեկնարկել են ՌԴ-ԱՄՆ բանակցությունները


Էր Ռիադի The Ritz-Carlton հյուրանոցում մեկնարկել են ՌԴ-ԱՄՆ բանակցությունները

  • 24-03-2025 14:43:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ռուսական և ամերիկյան պատվիրակությունները Էր-Ռիադում բանակցություններ են սկսել Մոսկվայի և Կիևի միջև կարգավորման շուրջ, հայտնում է Al Arabiya-ն։
 
Հանդիպումը տեղի է ունենում Ritz-Carlton հյուրանոցում, լրագրողներին խնդրել են լքել հյուրանոցի տարածքը, հայտնում է ТАСС-ը:
 
Փորձագիտական խորհրդատվությունները նվիրված են Սև ծովի ջրերում նավագնացության անվտանգությանը:
 
ԱՄՆ պատվիրակության կազմում, ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, ընդգրկված են Պետդեպարտամենտի քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Անտոնը, նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի օգնականները և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի ներկայացուցիչները:
 
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բանակցությունների թեմաներից մեկն անվանել է հացահատիկի գործարքի հնարավոր վերսկսման քննարկումը։ Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև այս համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի ամռանը Ստամբուլում, այն նախատեսում էր անվտանգ միջանցք ստեղծել ուկրաինական նավահանգիստներից Սև ծովով գյուղմթերքների արտահանման համար՝ պայմանով, որ չեղարկվեն արևմտյան սահմանափակումները ռուսական պարենի արտահանման վրա։  Մեկ տարի անց դրա գործունեությունը դադարեցվեց։
 
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը նշել է, որ հարցը վերաբերում է Սև ծովում նավերի վրա հարձակումների մորատորիումին։
 
Նախօրեին՝ մարտի 23-ին, Էր Ռիադում բանակցություններ են տեղի ունեցել Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն ասել է, որ իրենք հավատարիմ են էներգետիկ օբյեկտների և կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությանն ուղղված առաջարկներին: Հանդիպումից հետո նա ասել է, որ «զրույցը եղել է կառուցողական և բովանդակալից»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը