Էրդողանը «քամի է ցանել, ո՞վ կհնձի փոթորիկը»


Էրդողանը «քամի է ցանել, ո՞վ կհնձի փոթորիկը»

  • 24-03-2025 19:23:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am. Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է, որ մարտի 24-ից սկսվում են բողոքի ամենօրյա ցույցերը: «Մենք մշտապես կլինենք փողոցներում և հրապարակներում»,- ասել է նա՝ հանդես գալով Ստամբուլի բազմամարդ հանրահավաքում, որի մասնակիցները պահանջում են կալանքից ազատ արձակել քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին:
 
Ի՞նչ է կատարվում Թուրքիայում:
 
Մեկնաբանների մեծ մասը համարում է, որ նախագահ Էրդողանը չեզոքացրել է իր գլխավոր մրցակցին։ Իմամօղլուն Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում երեք անգամ հաղթել է իշխանության թեկնածուներին: Մարտի 23-ին ԺՀԿ-ն կազմակերպել է նախագահի թեկնածուի ներկուսակցական քվեարկություն: Ավելի քան 14 միլիոն մարդ պաշտպանել է Իմամօղլուի թեկնածությունը:
 
Եթե իրավիճակը չհասնի «անդառնալիության կետի», և Էրդողանը ստիպված չլինի վերանայել Իմամօղլուի և նրա շուրջ հարյուր թեմակիցների դեմ քրեական գործը, ապա Ստամբուլի արդեն նախկին քաղաքապետը նախագահական ընտրություններին չի մասնակցի: Նրան, հավանաբար, կփոխարինի Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը: Եթե, իհարկե, մինչ այդ նա նույնպես չկալանավորվի:
 
Թուրքիայի ճակատագիրը, այսպիսով, կամ Էրդողանի ձեռքում է, կամ փողոցի: Կամ նա կճնշի բողոքի զանգվածային ցույցերը և «Ազգայնական շարժում» կուսակցության հետ նոր ընտրությունների կգնա, կամ ԺՀԿ-ին կհաջողվի, ինչպես իրենք են բնորոշում՝ «պահպանել հանրապետական Թուրքիան»:
 
Խնդրի զգայունությունն այն է, որ ներքաղաքական դիմակայությունը փաստացի Էրդողանն ինքն է սադրել: Իմամօղլուին ներկայացված մեղադրանքներից ծանրագույնը քրդական ահաբեկչության հովանավորչությունն է: Որոշ մեկնաբաններ համարում են, որ «Քրդական բանվորական կուսակցության» լուծարման նախաձեռնությունը «ձախողվել է»: Ենթադրվում է, որ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Բահչելին մերժել է քրդերին «քաղաքական ինքնություն շնորհելու» գաղափարը:
 
Իսկ եթե քաղաքական իրավունքներ չեն նախատեսվում, ապա քրդական խմբավորումները կորցնում են «պատմական հաշտության գնալու» մոտիվացիան: Էրդողանը փաստացի ԺՀԿ-ին մեղադրում է «ազգային համերաշխությունը խաթարելու» մեջ: Թուրքիայի պաշտոնական վիճակագրությամբ քրդերը բնակչության շուրջ տասը տոկոս են կազմում, այսինքն՝ մոտ հինգ-վեց միլիոն քուրդ ընտրող կա: Մինչև անցյալ տարվա մունիցիպալ ընտրությունները նրանք հիմնականում քվեարկել են «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության օգտին: Քրդերը չեն մոռացել Մուստաֆա Քեմալի բռնությունները: Այսօր, կարծես, Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը հաջողվել է որոշակիորեն մեղմել քեմալականների հանդեպ քրդերի անվստահությունը:
 
Քաղաքական դիտորդներն ուշադրություն են դարձնում իրողությանը, որ եվրոպական ոչ մի երկիր և կառույց Թուրքիայում ծավալվող իրադարձություններին դեռևս գնահատական չի հնչեցրել: Միացյալ Նահանգների մասին խոսելն ավելորդ է: Արձագանք չկա նաև Մոսկվայից, և որքան էլ արտառոց չհնչի, Ադրբեջանից, որտեղ օրինաչափորեն ավելի շատ պիտի անհանգստացած լինեն «մեծ եղբոր տան վիճակից»:
 
Եվրամիությունը Թուրքիային դիտարկում է որպես անվտանգային հնարավոր գործընկեր: Բայց եթե բողոքի զանգվածային ցույցերը շարունակվեն, Էրդողանը, բնականաբար, կենտրոնանալու է ներքաղաքական իրավիճակի կառավարման և տարածաշրջանում ազդեցության պահպանման խնդիրների վրա: Թուրքիայի նախագահը բավական զուսպ է արտահայտվում և դեռևս արտաքին որևէ կենտրոնի հասցեական քննադատության չի արժանացրել: Նա բավարարվել է իրավիճակը «Թուրքիայի թշնամիների համար ցանկալի» լինելու մասին ընդհանուր դիտարկմամբ:
 
Ինչ էլ որ Իմամօղլուի դեմ քրեական հետապնդման պատճառ լինի և ներքաղաքական ինչ դասավորություն էլ նախագահական ընտրություններից առաջ «բյուրեղանա», ակնհայտ է, որ թուրքական հանրությունը մասնատված է: Մի կողմում արևմտամետ, բայց ազգայնականությամբ ոչ պակաս տոգորված ուժերն են, մյուսում՝ իսլամամետ նեօսմանականները, իսկ միջակայքն զբաղեցնում է քրդամետ DEM-ը, որի շուրջ կարող է տեղի ունենալ քրդական տարբեր «խմբակցությունների» կոնսոլիդացիա:
 
Ըստ երևույթին՝ Էրդողանը հարկադրված կլինի միջազգային և տարածաշրջանային հարցերում պաուզա վերցնել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է Անկարա այցելել՝ հենց որ իրավիճակը կարգավորվի: Երևում է, Էրդողանին դեռևս Վաշինգտոն հրավիրելու ծրագիր չկա: Բացառված չէ, որ նա Թուրքիայում «քամի է ցանել», որպեսզի ուժային կենտրոնների հետ երկխոսության հրավիրվի: Բայց դա կարող է հասցնել «փոթորիկ հնձելուն»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը