Սահմանամերձ Ծավում հեռաբժշկության նոր կետ է բացվել


Սահմանամերձ Ծավում հեռաբժշկության նոր կետ է բացվել

  • 15-04-2025 16:18:28   | Սյունիքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն



2025 թվականի ապրիլի 12-ին Ծավ գյուղում հանդիսավորությամբ բացվեց VIVA հիմնադրամի առաջին հեռաբժշկության կետը։ Այս առիթով կազմակերպվել էր տոնական համերգ, որը համախմբեց Սյունիքի այս սահմանամերձ գյուղի բնակիչներին։
 
Այժմ Ծավի և հարակից համայնքների բնակիչները ևս հնարավորություն կունենան ստանալ որակյալ բժշկական օգնություն։ Հեռաբժշկության տեխնոլոգիաները թույլ կտան արդյունավետ փոխհարաբերություններ ստեղծել բժշկի և բուժառուի միջև՝ ապահովելով բուժօգնության մատչելիություն նույնիսկ ամենահեռու բնակավայրերում։
 
Սահմանամերձ բնակչության աջակցության ծրագիրը մեկնարկել է 2023 թվականի հոկտեմբերին։ Մեկուկես տարվա ընթացքում VIVA հիմնադրամի բժիշկների և կամավորների շարժական խումբը այցելել է հարյուրավոր գյուղեր՝ իր գործունեությամբ ընդգրկելով ողջ Հայաստանը։
 
Ծրագրի շրջանակում նախատեսվում է սահմանամերձ շրջաններում բացել հեռաբժշկության յոթ կենտրոն՝ հագեցած առցանց խորհրդատվության, ախտորոշման և առողջության մոնիտորինգի սարքավորումներով։ Սա հնարավորություն կտա բնակիչներին ստանալ մասնագիտական բժշկական խորհրդատվություն և հեռահար ձևով՝ տեսազանգի միջոցով, այցելել բժիշկներին՝ առանց երկար ճանապարհներ անցնելու։
 
Միաժամանակ հեռաբժշկության կենտրոններ կսկսեն գործել Սյունիքի Նորաշենիկ, Խնձորեսկ և Տեղ գյուղերում։ Այնուհետև, ծրագրի երկրորդ փուլում, այն կընդգրկի նոր մարզեր՝ հեռաբժշկության կետեր կբացվեն Գեղարքունիքի Բարձրավան, Տավուշի Հալիձոր և Վայոց ձորի Խաչիկ գյուղերում։
 
Հեռաբժշկության ծրագիրը նախատեսում է արդեն առաջին ամիսներին հասնել հազարավոր հիվանդների՝ հնարավորություն տալով նրանց ստանալ այնպիսի բժշկական խորհրդատվություն, որը նախկինում՝ տարածական հեռավորության և բժշկական ռեսուրսների բացակայության պատճառով, անհասանելի էր։ Ծրագրի բոլոր փուլերում բոլոր ծառայությունները, այդ թվում՝ դեղորայքը, բուժառուներին տրամադրվում են անվճար և ամբողջությամբ ֆինանսավորվում են հիմնադրամի կողմից։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն