Գյումրու ավագանու նիստը մեկնարկել է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցում


Գյումրու ավագանու նիստը մեկնարկել է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցում

  • 16-04-2025 10:30:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ինչպես և նախատեսված էր, ժամը 10:00-ին մեկնարկել է Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը:
 
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ամբողջ կազմով բացակայում է նիստից:
 
Նիստը վարելու իրավունքը տրվել է ամենատարեց անդամին՝ Վարդան Ղուկասյանին, վերջինս ներկայացնում է ընտրված ավագանու անդամների անունները և մանդատների թիվը:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ նիստի օրակարգում ընդգրկված է երեք հարց՝  
 
1․ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար ընտրելու մասին,
 
2․ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին,
 
3․ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։ 
 
 Գյումրու ավագանու ընտրված անդամները օրերս գրանցվել են, ստացել ավագանու մանդատները: 
 
Հիշեցնենք՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփմամբ՝ պարզ էր դարձել, որ որևէ քաղաքական ուժի չի հաջողվել հավաքել 50+1 տոկոս անհրաժեշտ քվեները, և առանց դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու՝ հնարավոր չէր լինելու ստանձնել քաղաքի կառավարումը:
 
Արդյունքների ամփոփումից հետո «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ պատրաստ է իր ձայնը տալու առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր ուժին՝ Վարդան Ղուկասյանին:  
 
«Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրի համայնքի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն էլ իր հերթին է հայտարարել, որ պատրաստ է ավագանու կազմով քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին։   
 
Մի քանի օր անց «Մեր քաղաքը» դաշինքը ևս, ի դեմս Մարտուն Գրիգորյանի, հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե Վարդան Ղուկասյանին:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտուն Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը