Ռուբիոն և Ուիթքոֆը Ֆրանսիայում կքննարկեն Ուկրաինայի, Իրանի և մաքսատուրքերի հարցերը. POLITICO


Ռուբիոն և Ուիթքոֆը Ֆրանսիայում կքննարկեն Ուկրաինայի, Իրանի և մաքսատուրքերի հարցերը. POLITICO

  • 16-04-2025 12:03:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1in.am. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը ծրագրում են այս շաբաթ այցելել Փարիզ՝ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտությունը, Իրանի հետ փոխգործակցությունը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերը: Այս մասին հաղորդում է POLITICO-ն՝ վկայակոչելով ուղևորության պլաններին ծանոթ երկու աղբյուրի։
 
Ակնկալվում է, որ Ուիթքոֆը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, իսկ Ռուբիոն բանակցություններ կվարի հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Բացի Ուկրաինայից, Իրանից և մաքսատուրքերից, օրակարգում կլինի իրավիճակը Գազայի հատվածում, որտեղ Իսրայելը ռազմական գործողություն է իրականացնում։
 
Երկու հանդիպումների ստույգ ժամկետները չեն նշվում, սակայն դրանք, ըստ աղբյուրների, պետք է տեղի ունենան այս շաբաթ, նախքան Ռուբիոն կմեկնի Աֆրիկա։
 
Մակրոնի բանակցություններն Ուիթքոֆի հետ տեղի կունենան Սանկտ Պետերբուրգ վերջինիս այցից օրեր անց. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ապրիլի 11-ին հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
 
Հրատարակությունը հիշեցնում է, որ Մակրոնն առաջնորդում է Եվրոպայի ջանքերը Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում, որը կարող է ներառել նաև այնտեղ հակամարտության ավարտից հետո խաղաղապահ ուժերի տեղակայումը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը