ՀՀ–ն սահմանազատման վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Ադրբեջանին, դեռ պատասխան չկա․ Փաշինյան


ՀՀ–ն սահմանազատման վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Ադրբեջանին, դեռ պատասխան չկա․ Փաշինյան

  • 16-04-2025 13:02:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Վարչապետի խոսքով՝ հայկական կողմն իր պատկերացումներն է ներկայացրել, թե ինչ տրամաբանությամբ և որ հատվածում շարունակվի սահմանազատումը։
 
Հայաստանը սահմանազատումը շարունակելու հետ կապված գրավոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանին, բայց դեռևս պատասխան չկա։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
Առաջարկներն այն մասին են, թե ինչ տրամաբանությամբ և որ հատվածում շարունակվի սահմանազատումը։
 
«Գիտեք՝ ընդհանուր համաձայնություն կա, որ հյուսիսից հարավ, հիմա խնդիրն այն է, թե հյուսիսից հարավի որ հատվածում իրականացնել։ Մենք մեր պատկերացումներն ենք ներկայացրել և սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,- ասաց վարչապետը։
 
Ըստ նրա` ներկայացված առաջարկներն առավել մանրամասն այս փուլում չեն կարող, որովհետև աշխատանքային գործընթացը շարունակվում է։
 
Հայկական կողմը հուսով է, որ շուտով արձագանք կստանա։
 
Հիշեցնենք` հունվարի 16–ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հերթական հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության էին եկել սահմանազատման նոր հատվածի շուրջ, այն է` պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները սկսել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ` հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը