Ստեփանակերտն այդպես էլ հաղթակամար չունեցավ


Ստեփանակերտն այդպես էլ հաղթակամար չունեցավ

  • 09-05-2025 19:18:37   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am Մայիսի 9-ին ընդառաջ Ստեփանակերտից բռնատեղահանված հայուհին Facebook-ում ներկայացրել է այդ օրվա արցախյան արարողակարգը. «Վաղ առավոտյան մանղալներում փայտը դարսում էինք, տղամարդիկ շտապում էին «բրատսկի» (Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին խորհրդային ժամանակներում կառուցված հուշահամալիր), կանայք սեղանի պատրաստություն էին տեսնում, հետո բոլորով հավաքվում էինք հրապարակում, Շուշան Պետրոսյանը երգում էր, իսկ վերջում այնպիսի հրավառություն էր լինում, որ տուն էինք հասնում մրոտված»:
 
Սա ամենաստույգ վկայությունն է, թե Ստեփանակերտն ինչպես է նշել մայիսի 9-ը: Եվ ոչ ոքի չի հետաքրքրել, թե պետական արարողակարգն ո՞վ և ինչո՞ւ է այնպես սահմանել, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, Հայաստանից եկած պատվիրակությունը Շուշիի ազատագրման օրով պետք է այցելի «բրատսկի», որտեղ պաշտոնական միջոցառումն ավարտվում էր «Этот день победы» երգի հնչյունների ներքո:
 
…1992 թվականի օգոստոսին, ամսաթիվը չեմ հիշում, կարելի է արխիվներից ճշտել, Ստեփանակերտն արթնացավ մղձավանջային հերթական քնից և տեսավ, որ «Կովկասի Լենինի»՝ Ստեփան Շահումյանի պղնձաձույլ արձանը տապալված է: Հանրապետական թերթը հանդես եկավ «բարբարոսությունը» դատապարտող հոդվածով, բայց դա «ձայն բարբառո հանապատի» էր, ով որոշել էր, որ բոլշևիկյան պատկության խորհրդանիշ արձանը պետք է տապալվի, իր գործն արել էր:
 
Հետևեց ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության որոշումը, որ Շահումյանի արձանի տեղում կկանգնեցի ղարաբաղյան ինքնապաշտպանական պատերազմի աշխարհազորայինի հուշարձանը: Եվ ի՞նչ: Վեց տարի հետո՝1998 թվականի սեպտեմբերին Շահումյանի արձանը նույն տեղում էր, և Ստեփանակերտը ցնծում էր, որ բոլոր սիրահարների ժամադրավայր, այս ձևակերպման հեղինակը Զորի Բալայանն է, «պյատաչոկը» վերականգնվում է:
 
Անկախ ԼՂՀ մայրաքաղաքը, այդպիսով, Ադրբեջանին և միջազգային հանրությանը հստակ ուղերձ հղեց, որ իրեն առանց Ստեփան Շահումյանի պղնձաձույլ արձանի, չի պատկերացնում: «Թքած ունեին» իրողության վրա, որ Ստեփանակերտում այդ արձանը կանգնեցվել է որպես Լեռնային Ղարաբաղի «ընդմիշտ ադրբեջանապատկանության» խորհրդանիշ: Ոտնակոխ արվեց ԼՂՀ ԳԽ նախագահության որոշումը, ազատամարտիկների հիշատակը խորհրդանշող մի ձև մի «ժայռաբեկոր» տարան և տեղադրեցին պետական համալսարանի ոչ թե մուտքին հարող տարածքում, այլ ետնաբակում:
 
Ի՞նչ արեց ԼՂՀ իշխանությունը: Շահումյանի արձանի պատվանդանից քերեց-մաքրեց քանդակագործի հեղինակի անուն-ազգանունը, որ ադրբեջանցու էր, ռուսերեն «Степан Шаумян» գրությունը դարձրեց հայատառ, բայց «Կովկասի Լենինը», այնուամենայնիվ, մնաց հայացքը հառած դեպի արևելք, դեպի «ինտերնացիոնալ» Բաքու: Թեև պողոտան, որի սկզբնամասում Շահումյանի արձանը և բոլոր սիրահարների ժամադրավայր «պյատաչոկն» էր, վերանվանվել էր «Ազատամարտիկների»:
 
Այս մասին առաջին անգամ չէ, որ գրում եմ: Առնվազն երեք հոդված հրապարակել եմ նույն տարիներին, ահազանգել, որ անկախ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում Ստեփան Շահումյանի արձանը նոնսենս է: Ո՛չ համաձայնության եմ արժանացել, ո՛չ հակափաստարկի: Իսկ սարսափելին, ինչպես Ռուբեն Հախվերդյանն է երգում, «լռությունն է, երկու զույգ աչքեր՝ մթության մեջ»:
 
…2007 թվականի ԼՂՀ նախագահական ընտրությունների նախաշեմին բուռն բանավեճ ունեցա Ստեփանակերտում հայտնի մի «աշխարհիկ կղերականի» հետ: Նա ինձ համոզում էր, որ Արկադի Ղուկասյանը ԼՂ կարգավորման «պարտվողական-լևոնական թևի» ներկայացուցիչ է և չի կարող երրորդ ժամկետով պաշտոնավարել: Հարցիս, թե իսկ ի՞նչ պիտի անի նախագահի իր «սրտի սյուն թեկնածուն», նա լուրջ պատասխանեց, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ կհասնի մայիսյան եռատոների միջազգային ճանաչմանը, Հայաստանին Արցախի միավորմանը:
 
Ես նրան միայն մի բան ասացի. «Եթե քո թեկնածուն նախընտրական ծրագրում խոստանա, որ Ստեփանակերտի աշխարհագրական ամենաբարձր տեղանքում կանգնեցնելու է ղարաբաղյան պատերազմի հաղթակամարը, ներողություն կխնդրեմ»:
 
Ստեփանակերտն այդպես էլ հաղթակամար չունեցավ: Տոնախմբությունները կատարվում էին «բրատսկիում» և ավարտվում «Этот день победы» երգի ֆոնոգրամայով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը