Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուին


 

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուին

  • 20-05-2025 16:09:39   | Հայաստան  |  Նշանավոր հայեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուին:
 
Ողջունելով Անիտա Դիմիտրիուի այցը Հայաստան՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամության, համերաշխության և փոխադարձ հարգանքի վրա: Նախագահը ընդգծել է, որ Կիպրոսը Հայաստանի համար արժեքավոր և վստահելի գործընկեր է:
 
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի և Կիպրոսի խորհրդարանների միջև ձևավորված համագործակցությունը՝ հատկապես խորհրդարանական բարեկամական խմբերի, արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև ակտիվ շփումների և փոխայցելությունների շրջանակներում:
 
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններում առկա հնարավորություններին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ առավել ակտիվ համագործակցությունը մասնավորապես զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կարող է դառնալ Հայաստանի և Կիպրոսի միջև տնտեսական կապերի զարգացման նոր խթան: Այս համատեքստում դրական է գնահատվել երկու երկրների միջև ուղիղ թռիչքների առկայությունը:
 
Զրուցակիցները կարևորել են երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների բացումը՝ որպես համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման քայլ: Բարձր է գնահատվել առկա փոխգործակցային ներուժը, ինչպես նաև միջազգային հարթակներում երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ և անխոչընդոտ համագործակցությունը:
 
Հանդիպման ընթացքում շեշտվել է ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, ինչպես նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
 
Դրականորեն արձանագրվել է տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության սահուն ընթացքը, որը նպաստում է երկկողմ կապերի ընդլայնմանը: Ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության շարունակական զարգացումը՝ որպես ժողովուրդներին մերձեցնող կարևոր գործիք:
 
Հանդիպման ավարտին Հայաստանի և Կիպրոսի միջև բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն պարգևատրվել է Բարեկամության շքանշանով:
 
 
 
Նոյյան տապան  -   Նշանավոր հայեր