Բյուրականի աստղադիտարանում հաշվել են փորձնական մասնիկի «հարաբերական արագությունը» դիտորդի նկատմամբ կամայական պսևդո-Ռիմանյան տարածության համար, ինչը չլուծված խնդիր էր սկսած 1915թ.-ից


Բյուրականի աստղադիտարանում հաշվել են փորձնական մասնիկի «հարաբերական արագությունը» դիտորդի նկատմամբ կամայական պսևդո-Ռիմանյան տարածության համար, ինչը չլուծված խնդիր էր սկսած 1915թ.-ից

  • 21-05-2025 19:39:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գլխավոր գիտաշխատող Գագիկ Տեր Ղազարյանի հեղինակությամբ «Gravitation and Cosmology» ամսագրում տպագրել է գիտական հոդված` «On the Kinetic Recession Velocities of Astronomical Objects», որում հեղինակը սահմանել և հաշվել է աստղագիտական մարմինների հեռանալու իրական՝ «կինետիկ» արագությունը, ինչն այդ մարմինների «կարմիր շեղման» ցանկացած արժեքների դեպքում մշտապես մնում է փոքր «վակուումում լույսի տարածման» արագությունից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան: 
 
Նման պարագայում ֆիզիկայի «պատճառականության» հիմնարար սկզբունքն այլևս չի խախտվում։ Նա հաշվել է նաև ֆիզիկական մեծ կարևորություն ունեցող մեկ այլ բնութագրիչը՝ Տիեզերքի ընդարձակման հետևանքով աստղագիտական մարմինների շարժման մեջ ներառվելու չափաբաժինը:
 
«Աստղագիտության համար հիմնարար վերոնշյալ խնդիրը միայն մասնավոր դեպքն է ֆիզիկայում գոյություն ունեցող՝ կորագիծ տարածություններում մարմինների  «հարաբերական արագությունը» հաշվելու ընդհանուր, առավել բարդ, «դասական» խնդրի։ Դա 1915թ.-ից մինչև օրս չլուծված կարևորագույն  խնդիր էր մնում Այնշթայնի «Ընդհանուր հարաբերականության տեսության» մեջ: Խնդրի դժվարությունը պայմանավորված է նրանով, որ տարածության «կորության» առկայությունը պարզապես անհնար է դարձնում մարմնի արագության վեկտորի, այսպես կոչված, «զուգահեռ տեղափոխությունը» այդ տարածության մեջ, առանց որի հնարավոր չէ հաշվել «հարաբերական արագությունը»։ 2023թ.-ին, հաղթահարելով նշված բարդությունը, լուծեցի այդ ընդհանուր խնդիրը կամայական Ռիմանյան տարածության համար,- ասաց Գագիկ Տեր Ղազարյանը։
 
Այս մասին նա գիտական հոդված է տպագրել «Gravitation and Cosmology» ամսագրում` «Coordinate-Independent Definition of Relative Velocity in Pseudo-Riemannian Space-Time: Implications for Special Cases»  (G.Ter-Kazarian, Gravitation and Cosmology, 2023, Vol. 29, No. 1, pp. 62–73)։ Հոդվածում հեղինակը կամայական պսևդո-Ռիմանյան տարածության համար սահմանել և հաշվել է փորձնական մասնիկի «հարաբերական արագությունը» դիտորդի տեսագծի նկատմամբ ընդհանուր դեպքում։ «Որպես դրա կիրառություն՝ այդ արագությունը հաշված է ֆիզիկական մի շարք կարևոր մասնակի դեպքերում՝ Մինկովսկու մետրիկայի համար, կամայական ստացիոնար մետրիկայի համար, երբ փորձնական մասնիկը և դիտորդը հանգստի վիճակում են, համասեռ գրավիտացիոն դաշտի դեպքում, պտտվող կոորդինատական համակարգի համար, Շվարցշիլդի մետրիկայի համար, Կեռի տիպի մետրիկաների համար, Ռոբերտսոն-Ուոլկերի մետրիկայի համար»,- նշեց Գագիկ Տեր Ղազարյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը