Թրամփը հայտարարել է, որ Իրանը ներգրավված է Գազայի հատվածում պահվող պատանդների շուրջ բանակցություններին
10-06-2025 15:00:55 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ներգրավված է բանակցություններին՝ ուղղված Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ համաձայնագրի կնքմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ «Գազայի հատվածն այս պահին մեր, ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև խոշոր բանակցությունների առանցքում է, և Իրանն իրականում ներգրավված է, և մենք կտեսնենք, թե ինչ կլինի Գազայի հետ: Մենք ցանկանում ենք վերադարձնել պատանդներին», - ասել է Թրամփը լրագրողներին հունիսի 9-ին Սպիտակ տանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ:Թրամփն այլ մանրամասներ չի հայտնել, իսկ Սպիտակ տունը և ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը դեռ չեն արձագանքել Իրանի մասնակցության մանրամասների վերաբերյալ հարցմանը: ԱՄՆ-ն առաջարկել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև 60-օրյա հրադադար հաստատել։ Իսրայելը հայտարարել է, որ կպահպանի պայմանները, սակայն ՀԱՄԱՍ-ը մերժել է այդ ծրագիրը:
Առաջարկի համաձայն՝ 28 իսրայելցի պատանդներ և մահացած պատանդների մարմիններ կվերադարձվեն առաջին շաբաթվա ընթացքում՝ 1236 պաղեստինցի բանտարկյալների և 180 մահացած պաղեստինցիների մարմինների վերադարձի դիմաց։