1in.am Իրանական աղբյուրները հայտնում են, որ Թավրիզի օդանավակայանի շրջակայքում պայթյուններ են որոտացել: Թավրիզն Իսրայելի օդուժի կողմից հարձակման է ենթարկվել նաև անցած գիշերը: Իրանն այդ տեղաշրջանում միջուկային օբյեկտներ չունի: Թավրիզը ոչ պաշտոնապես համարվում է իրանական Ադրբեջանի «մայրաքաղաքը», որտեղ բնակչության գերակշիռ մեծամասնությունը թյուրքախոս է:
Իրանի դեմ Իսրայելի քաղաքականության բաղադրիչներից մեկը ներքին լարվածության հրահրումն է, այդ թվում՝ անջատողական շարժումների միջոցով: Իրանական Ադրբեջանն այս առումով պատմական փորձ և պահպանված հիշողություններ ունի, որ երբեմն դրսևորվում են բողոքի ցույցերով: Առանց որևէ անհրաժեշտության հարվածել Թավրիզի քաղաքացիական օդանավակայանին՝ նշանակում է փորձել տեղի թյուրքախոս բնակչությանը կանխատրամադրել կենտրոնական իշխանությունների դեմ:
Այս առումով բավական ուշագրավ է Իսրայելի հարվածներին համարժեք պատասխան տալու մասին Իրանի կառավարության հայտարարությունը, որտեղ ասված է, որ նման որոշում ընդունվել է «առանց որևէ տարաձայնության»: Ակնարկն, ամենայն հավանականությամբ, պետք է հասկանալ այն իմաստով, որ Իրանը միասնական է ոչ միայն քաղաքական, այլև էթնիկ կազմակերպվածությամբ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն Իրանի դեմ Իսրայելի հարձակումը խստորեն դատապարտել է և գնահատել որպես միջազգային իրավունքի բացահայտ խախտում և սադրանք, որ ծառայում է տարածաշրջանն ապակայունացնելու նրա ռազմավարական շահերին: Պաշտոնական Անկարայի գնահատմամբ՝ դա վկայում է, որ Նաթանյահուի կառավարությունը չի ցանկանում որևէ հարց կարգավորել դիվանագիտական ճանապարհով և առանց տատամսկելու տարածաշրջանային և գլոբան խաղաղությունը հանուն իր շահերի դնում է հարցականի տակ:
«Մենք կրկին հայտարարում ենք, որ Մերձավոր Արևելքում չենք ցանկանում արյունահեղության և ավերածությունների խորացում: Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում արտակարգ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու պատերազմի ահագնացումը»,- ամփոփել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:
Որքանո՞վ է պաշտոնական Անկարան անկեղծ այս մտահոգությունները հրապարակայնացնելիս և ինչքանո՞վ հետամուտ կլինի, որպեսզի իսրայելա-իրանական հակամարտությունը լայնածավալ պատերազմի չվերաճի՝ դժվար է ասել: Թուրքիան Իրանի հետ մի շարք չկարգավորված խնդիրներ ունի, որ մասամբ առնչվում են նաև Հարավային Կովկասին, հայ-թուրքական կարգավորմանը:
Այդուհանդերձ, տպավորություն է, որ գոնե այս փուլում իսրայելա-թուրքական հակասություններն ավելի սուր են, և Իրանի տարածաշրջանային մեկուսացումը Թուրքիայի ռազմավարական շահերից չի բխում:
Ի՞նչ խմորումներ են հնարավոր Թավրիզում, այդ տեղաշրջանում ազդեցության ի՞նչ լծակներ ունի Բաքուն, այդ հնարավորությունները գործի՞ կդրվեն, պետք է, երևի, սպասել առաջիկա օրերի և շաբաթների զարգացումներին: Հայտնի է, որ Իրանում կրոնապետության դեմ հանրային զգալի դժգոհություններ կան, իսկ Թավրիզն ունի նաև էթնիկ «անհանդուրժողականությունը վերացնելու» մոտիվացիա: