Թեհրանը զգուշացնում է ԱՄՆ-ին՝ չմիջամտել պատերազմին


Թեհրանը զգուշացնում է ԱՄՆ-ին՝ չմիջամտել պատերազմին

  • 19-06-2025 14:51:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
factor.am․ Թեհրանը կպատասխանի ուժով, եթե Միացյալ Նահանգներն ուղղակիորեն միջամտի՝ Իսրայելին աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։ «Իրանը այլ տարբերակ չի ունենա, քան օգտագործել իր գործիքները՝ ագրեսորներին դաս տալու համար», – ասել է նա՝ հավելելով, որ Իրանի ռազմական հրամանատարությունը «սեղանին ունի բոլոր անհրաժեշտ տարբերակները»։ Ղարիբաբադին կոչ է արել Վաշինգտոնին հեռու մնալ հակամարտությունից։
 
«Մենք խորհուրդ ենք տալիս ԱՄՆ-ին առնվազն հեռու մնալ, եթե նրանք չեն ցանկանում կանգնեցնել Իսրայելի ագրեսիան», – ասել է Իրանի ԱԳ փոխնախարարը Թեհրանի և Թել Ավիվի միջև հարձակումների սրման ֆոնին։ The Wall Street Journal-ն էլ իր հերթին հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի ուշ երեկոյան իր ավագ օգնականներին ասել է, որ հավանություն է տվել Իրանի վրա հարձակման ծրագրին, սակայն հետաձգել է դրա իրագործումը՝ տեսնելու արդյոք Թեհրանը կհրաժարվի՞ իր միջուկային ծրագրից։  Նշվում է, որ Ֆորդոյում գտնվող խիստ պաշտպանված ուրանի հարստացման կենտրոնը ԱՄՆ-ի հնարավոր թիրախն է. այն տեղակայված է լեռան տակ,և ռազմական փորձագետների գնահատմամբ այն կարող են խոցել միայն ամենահզոր ռումբերը։
 
Հարցին, թե արդյոք որոշել է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, Թրամփը  նախօրեին պատասխանել էր. «Ես կարող եմ դա անել, կարող եմ՝ ոչ»։ Եվ նա կրկնել էր Իրանի անվերապահ կապիտուլյացիայի վերաբերյալ իր պնդումը. «Հաջորդ շաբաթը շատ կարևոր է լինելու, գուցե մեկ շաբաթից էլ պակաս»։
 
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը