Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովների համատեղ նիստը


Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովների համատեղ նիստը

  • 19-06-2025 19:04:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների այս երկու հանձնաժողովների միջեւ ձեւավորվել են համագործակցային ջերմ բարեկամական եւ գործընկերային հարաբերություններ. ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ հանձնաժողովների համատեղ նիստում ողջունելով Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունյայի գլխավորած պատվիրակությանը: Նա նշել է, որ Հայաստանը կարեւորում է Վրաստանի հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը բոլոր ոլորտներում, ինչի արտացոլումն է նաեւ 2024 թվականի հունվարին երկու երկրների միջեւ ստորագրված ռազմավարական գործընկերության վերաբերյալ համատեղ հռչակագիրը:
 
«Հայաստանն ու Վրաստանն ունեն օրինակելի հարաբերություններ: Մեր ազգերին միավորում են դարավոր բարեկամությունն ու եղբայրությունը»,- ասել է Գիորգի Գաբունյան: Նա նշել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան եւ շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:
 
Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ ՀՀ կառավարության ,Խաղաղության խաչմերուկե նախագիծը: Նա շնորհակալություն է հայտնել վրացական կողմին՝ այդ գործընթացին աջակցելու համար:
 
Կողմերն ընդգծել են, որ զգալիորեն ակտիվացել են երկկողմ բարձր մակարդակի շփումներն ու համագործակցությունը: Այս համատեքստում կարեւորվել է նաեւ միջազգային հարթակներում համագործակցային գործունեության ծավալումը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը եւ երկարատեւ խաղաղության հաստատմանը վերաբերող հարցերի:
 
Քննարկման ընթացքում կարեւորվել է երկու երկրների միջեւ մշակութային համագործակցությունը: Նշվել է, որ մշակույթի օրերի փոխադարձ անցկացումը մեծապես նպաստում է մշակութային երկխոսության ակտիվացմանն ու գործընկերության նոր մակարդակի բարձրացմանը:
 
«Վրաստանը միշտ աջակցում է հայկական մշակութային օջախների գործունեությանն ու զարգացմանը»,- նշել է Գիորգի Գաբունյան՝ տեղեկացնելով, որ գրեթե ավարտվել են Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի շենքի վերանորոգման աշխատանքները:
 
Գոհունակությամբ է նշվել, որ կայուն գործընկերություն է ձեւավորվել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի եւ Ռուսթավելիի անվան թատրոնի միջեւ. իրականացվում են համատեղ բեմադրություններ, հյուրախաղեր:
 
Կարեւորելով Հայաստանի եւ Վրաստանի թանգարանների միջեւ փոխգործակցության անհրաժեշտությունը՝ նշվել է, որ Ջավախքի Գանձա գյուղում Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի է ունենալու տուն-թանգարանի վերաբացման հանդիսավոր արարողություն:
 
Անդրադարձ է կատարվել մշակութային համագործակցության զարգացմանը վերաբերող օրակարգային մի շարք հարցերի:
 
Հայաստանի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ու Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի համատեղ նիստը տեղի է ունեցել հունիսի 19-ին, որին մասնակցել են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանը, Ջուլիետա Ազարյանը, Նարեկ Բաբայանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմինե Խերանյանը եւ Լիլիթ Գալստյանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն