Ուկրաինան Պուտինի համար «ձրի պանրով թակա՞րդ է»


Ուկրաինան Պուտինի համար «ձրի պանրով թակա՞րդ է»

  • 05-07-2025 16:25:41   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը, «առանց ստորակետի փոփոխության», պնդել է ուկրաինական կարգավորման նախապայմանները և հատուկ շեշտել, որ այն պետք է հաշվի առնի «տարածքային ներկայիս իրողությունները»: Նույն օրը պաշտոնապես հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգները դադարեցնում է Ուկրաինային սպառազինությունների մատակարարումը:
 
Անոնսավորված է Թրամփ-Պուտին հերթական հեռախոսազրույցը: Միացյալ Նահանգների նախագահը, ըստ երևույթին, կազդարարի ռուս-ուկրաինական կարգավորման միջնորդությունը դադարեցնելու մասին: Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, չի գրոհի ուկրաինական այն տարածքները, որտեղ Միացյալ Նահանգները պետք է հազվագյուտ մետաղաներ և այլ հանածոներ արդյունահանի:
 
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ «ԱՄՆ-ի (Ուկրաինային սպառազինությունների մատակարարումը դադարեցնելու մասին) որոշումը Եվրամիության երկրների համար հստակ ազդակ է, որպեսզի մեծացնեն եվրոպական մատակարարումները»: Նա կոչ է արել, որ ԵՄ երկրները ռազմական վարկեր վերցնեն և Եվրահանձանժողովի հսկողության ներքո սպառազինություններ գնեն:
 
Իր հերթին Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենն ասել է, որ եթե Միացյալ Նահանգները վերջնականապես դադարեցնի սպառազինությունների մատակարարումը, ապա դա «լուրջ անհաջողություն կլինի Ուկրաինայի, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի համար»: Նա ԵՄ երկրներին կոչ է արել Ուկրաինայի տարածքում զարգացնել ռազմական արդյունաբերությունը, ինչպես նաև «արագացնել Եվրոպայի ռազմականացման գործընթացը»:
 
Հուլիսի 4-ին ծրագրված է ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հեռախոսազրույցը: Որոշ աղբյուրների տեղեկացվածությամբ՝ Զելենսկին պատրաստվում է Թրամփին խնդրել, որ սպառազինություններ վաճառի եվրոպական երկրներին: Կարելի է կանխատեսել, որ Թրամփն այդ խնդրանքը չի բավարարելու: Փորձագետներն ասում են, որ ԱՄՆ ռազմաարդյունաբերական համալիրը «պարզապես չի հասցնում այնքան պահանջված սպառազինություններ արտադրել, որպեսզի բավարարի թե՛ Ուկրաինայի, թե՛ Իսրայելի պահանջները»:
 
Ասվածի ենթատեքստը, փաստացի, այն է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը Մերձավոր Արևելքում «դեռևս կարևոր անելիքներ ունեն», և Ուկրաինայի հարցն արդեն երկրորդական է կամ այդ ծանրությունը վերապահվել է Մեծ Բրիտանիային և Եվրամիությանը: ԱՄՆ նախագահն, այդպիսով, կամա, թե ակամա, բայց նպաստում է, որ «նիրհած Եվրոպան արթնանա», որովհետև ռուս-ուկրաինական պատերազմը նրա «դռներն է բախում»:
 
Քաղաքական առումով Թրամփի հաշվարկը չափազանց պրագմատիկ է, աշխարհաքաղաքական մրցակցության «թատերաբեմը» Մերձավոր Արևելքն է, Գլոբալ հարավի «պորտը», իսկ եթե Եվրոպան Ռուսաստանից սպառնալիք է տեսնում, ապա թող «մկաններն ամրապնդի»: Ռուսաստան-Եվրամիություն, Ռուսաստան-Մեծ Բրիտանիա մրցակցությունը սահմանափակում է մերձավորարևելյան «գործերին» նրանց միջամտության հնարավորությունները:
 
Այս առումով, երևի, դիրքորոշման վերանայման անհրաժեշտություն առաջին հերթին Ռուսաստանն ունի, որ ուկրաինական պատերազմի երեքուկես տարում մարդկային, նյութական, տնտեսական, քաղաքական եւ քաղաքակրթական ահռելի կորուստներ է ունեցել՝ այնքան էլ հասկանալի չէ, թե՝ հանուն ինչի՞: Որպեսզի իր սահմաններից հեռացնի ՆԱՏՕ-ին: Բայց այդ երեքուկես տարիներին Ռուսաստանն «իր քթի տակ» ՆԱՏՕ-ական ներկայություն է ստացել՝ ի դեմս Թուրքիայի:
 
Ռուսաստանը կարո՞ղ է երկու ճակատով պատերազմել: Գուցե նրա հնարավորություններն, իրոք, «անսպառ են», բայց Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգներն արդեն լոյալ չի լինի: Հուլիսի 7-ին Իսրայելի վարչապետ Նաթանյահուն մեկնում է Վաշինգտոն: Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմը չի ավարտվել: Ավելի ճիշտ՝ դեռ չի սկսվել: Ռուսաստանն Ուկրաինայում ետքայլ կանի՞, որպեսզի Գլոբալ հարավում ռազմավարական պարտություն չկրի: Այլապես Ուկրաինայի դեմ հաղթանակը, որին այնքան փափագում է Վլադիմիր Պուտինը, կվերածվի «թակարդում ձրի պանրի»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը