20.000 մարդ մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» խորագրով մրցաշարերին. նախարար


 

20.000 մարդ մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» խորագրով մրցաշարերին. նախարար

  • 04-11-2025 19:00:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր տեղի է ունեցել 2026 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումը:
 
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով սպորտի ոլորտի բյուջետային հայտնի հիմնական ուղղությունները, նշել է, որ 2025 թվականին իրականացված մի շարք կարևոր և ուղենշային ծրագրեր շարունակվելու են նաև հաջորդ տարի։
 
Նախարարի խոսքով՝ կապիտալ ներդրումների ծրագրերի շրջանակում պետական-մասնավոր համագործակցությամբ կառուցվում են մարզային տիպային համալիրներ։ Այս պահին համագործակցության ծրագրերում ընդգրկված են երեք նոր մարզահամալիրներ Եղեգնաձորում, Արարատում և Մարտունիում։
 
«Հողհատկացումներն արդեն իրականացվել են, տիպային նախագծերը պատրաստման փուլում են, նախատեսվում է հաջորդ տարվանից սկսել շինարարությունը։ Կառուցումից հետո նորակառույց մարզահամալիրները կփոխանցվեն հավատարմագրային կառավարման»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
 
Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ կառուցվում է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի նոր շենքը, որի աշխատանքները, ըստ նախարարի, ընթանում են ակտիվ տեմպերով, և բյուջեով ապահովված են նաև հաջորդ տարվա հատկացումները:
 
Կառավարության ուշադրության կենտրոնում են նաև մարզերում իրականացվող մի շարք կարևոր նախագծեր՝
 
Արագածոտնի մարզում կառուցվող Ամոյանների անվան մարզադպրոցը, որի նախագծման փուլը մոտենում է ավարտին,
Արթուր Աբրահամի մարզահամալիրը, որի շինարարությունն արդեն մեկնարկել է,
Վիկ Դարչինյանի մարզահամալիրը, որը կներառի նաև Յուրի Սարգսյանի և Ստեփան Սարգսյանի անվան մարզադպրոցներն անվանի մարզիկների հայրենի բնակավայրերում։
Այս բոլոր նախագծերի վերաբերյալ Կառավարության որոշումներն արդեն ընդունվել են, և աշխատանքները շարունակվում են՝ ըստ հաստատված ժամանակացույցի։
 
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ենթակառուցվածքների զարգացումը կարևոր ազդեցություն է ունենում նաև սպորտային կյանքի ակտիվացման վրա։ ԿԳՄՍ նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում զանգվածային սպորտի և առողջ կենսակերպի խթանմանը։ Այս տարի շուրջ 20.000 մարդ մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» խորագրով մրցաշարերին։ Բացի այդ՝ մեկնարկել են մի շարք նոր միջոցառումներ․ առաջին անգամ անցկացվել է Դպրոցականների բասկետբոլի լիգան, որին մասնակցել է ավելի քան 8.000 դպրոցական։
 
Նախարարի խոսքով՝ նման մրցաշարերը ոչ միայն հնարավորություն են տալիս երեխաներին բացահայտելու իրենց կարողությունները, այլև բարձրացնում են նրանց մոտիվացիան և թիմային ոգին։ Այժմ մեկնարկել է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մրցաշարի համայնքային փուլը, որը կամփոփվի դեկտեմբերին, իսկ նոյեմբերի վերջին կանցկացվի նաև առաջին անգամ կազմակերպվող Դպրոցականների լողի մրցաշարը։
 
Քննարկման ընթացքում նախարարը ներկայացրել է նաև մշակույթի և կրթության ոլորտներում 2026 թվականի աշխատանքներն ու նախատեսված բյուջետային հատկացումները:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն