26-11-2025 17:36:40 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Յուրաքանչյուր տարի ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն՝ գետերի ջրհավաք ավազաններում բավարար ձնաշերտի առկայության, ինչպես նաեւ գարնանային ինտենսիվ տեղումների եւ վարարումների հավանականության դեպքում հնարավորություն կստեղծվի Կառավարության որոշմամբ ջրօգտագործողների 85.000 հա հողատարածքներին, որից շուրջ 45.000 հա ՀՀ Արարատի եւ Արմավիրի մարզերում, ոռոգման ջուրը մատակարարել անհատույց: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը՝ նոյեմբերի 26-ին հրավիրված ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացնելով «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:
Հիմնական զեկուցողի խոսքով օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է գետերի վարարումների հետեւանքով հեղեղումները կանխելու, ոռոգելի աղակալված հողերի լվացման եւ ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու նպատակով ջրերը ջրօգտագործողներին անհատույց մատակարարելու գործընթացի կարգավորումը Կառավարության լիազորության շրջանակներին վերապահելուն: Միաժամանակ գարնանը՝ գետերի վարարումների ժամանակ, անհրաժեշտություն է առաջանում կանխարգելիչ միջոցառումների իրականացման, որոնցից հիմնականը ջրամբարներում եւ այլ հիդրոտեխնիկական կառուցվածքներում կուտակված ջրային ռեսուրսների լիցքաթափումն է: Նշված գործընթացը հիմնականում համընկնում է ոռոգելի աղակալված հողերի լվացման եւ ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու ժամանակաշրջանին:
Արամազդ Ղալամքարյանը նշել է, որ սակավաջրությամբ եւ ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությամբ պայմանավորված՝ դիտվում է մակերեւութային ջրային ռեսուրսի հավասարակշռված էկոլոգիական վիճակի խախտում եւ հաճախ առաջանում է ջրային ռեսուրսների նվազում, որը կարող է հանգեցնել ջրային ռեսուրսի հյուծմանը: Դրանով պայմանավորված՝ տեխնիկական հնարավորությունների դեպքում անհրաժեշտություն է առաջանում բավարար մակերեւութային ջրային ռեսուրս ունեցող գետավազանից կամ ջրավազանից ջրալրում կատարել եւ մակերեւութային ջրային ռեսուրսները տեղափոխել մեկ այլ տարածք՝ ջուր տեղափոխող ենթակառուցվածքների հնարավոր առավելագույն չափաքանակներով տրված ջրօգտագործման թույլտվությունների շրջանակներում:
Օրենսդրական փաթեթի ընդունմամբ Կառավարությանն օրենքով լիազորություն է տրվում ոչ միայն ռազմավարական ծրագրեր, այլ նաեւ հայեցակարգեր ու այլ ծրագրեր սահմանելու:
Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: