Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը
09-12-2025 12:59:52 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1lurer. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որը, ըստ տարբեր գնահատականների, նախազգուշացում է Եվրոպայի համար և երկկողմ հարաբերությունները վերաիմաստավորելու ազդանշան է:
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի խոսքով՝ կարևոր է, որ Ռուսաստանը փաստաթղթում հիշատակվում է համաեվրոպական անվտանգության համատեքստում, իսկ Ռուսաստանին զսպելու կամ տնտեսական ճնշումն ուժեղացնելու կոչերը բացակայում են։ Այնուհանդերձ, ըստ ռուսական կողմի, Վաշինգտոնը ցանկանում է դուրս մղել Ռուսաստանը համաշխարհային էներգետիկ շուկաներից:
Զախարովան նաև մտահոգություն է հայտնել, որ մինչ օրս սպասում են ռազմավարական հարձակողական և պաշտպանական ներուժի մասին՝ ամերիկյան կողմի պարզաբանումներին:
«Չնայած ռազմավարության մեջ տեղ գտած կոշտ դիրքորոշումներին՝ այն թույլ է տալիս մեզ շփման ընդհանուր եզրեր փնտրել»,- հավելել է պաշտոնյան:
Զախարովան նաև համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև հակասությունները խորանում են, զուգահեռ Եվրոպան, ըստ պաշտոնյայի, ցանկանում է խափանել ռուս-ուկրաինական կարգավորման ամերիկյան նախաձեռնությունները:
«Մինչդեռ Վաշինգտոնի որոշ առաջարկներ հիմք են հանդիսանում խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու համար»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: