Երևանի քաղաքապետարանին 172 մլն դրամ կհատկացվի Հրազդանի կիրճում հանգստի գոտի կառուցելու համար


 

Երևանի քաղաքապետարանին 172 մլն դրամ կհատկացվի Հրազդանի կիրճում հանգստի գոտի կառուցելու համար

  • 09-04-2026 12:30:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Առաջարկվում է 172 մլն դրամի վերաբաշխում կատարել և Երևանի քաղաքապետարանին գումար հատկացնել Հրազդանի կիրճում հանգստի գոտու կառուցման համար: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ ապրիլի 9-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
 
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց Հրազդանի կիրճում հանգստի գոտու կառուցման ծրագրի մանրամասները: Ըստ այդմ՝ նախագիծն իրականացվում է Հրազդանի կիրճի սկզբնամասից հաշված մոտ 5,5 կմ հեռավորության վրա՝ Արաբկիր վարչական շրջանում:
 
«Այն ներառում է կիրճի բարեկարգման ընդհանուր ծրագիր, նոր լանդշաֆտ և ճարտարապետական լուծումներ, հարմարավետ զբոսայգի և հանգստի գոտիներ, սպորտային միջոցառումների անցկացման հարթակներ, կինոդիտման վայր, ինչպես նաև սրճարան, որը կդառնա կիրճում սոցիալական շփումների կենտրոն»,- ասաց Ավինյանը՝ նկատելով, որ նմանատիպ ենթակառուցվածքների կարիքը կար, և որ դա սպորտով զբաղվողների պահանջն ու խնդրանքն է:
 
Ավինյանը նաև տեղեկացրեց, որ կիրճում արդեն իսկ իրականացվել է ֆլորայի և ֆաունայի վերաբերյալ խոր վերլուծություն, մշակութային ժառանգություն հանդիսացող հատվածը ուսումնասիրվել է, սահմանագծվել է նաև կիրճը, իսկ այժմ սպասում են ՇՄՆ կողմից օրենսդրական փոփոխություններին, որից հետո Երևան քաղաքի ավագանին կիրճը կճանաչի համայնքային հատուկ պահպանվող տարածք:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ Հրազդանի կիրճում հատկապես շաբաթ-կիրակի օրերին, նաև աշխատանքային օրերին մարզվող, վազող, քայլող, հեծանիվ քշող, ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիները հիմնականում կենտրոնանում են այդտեղ, և հիմա խնդիրն այդ ժամանցի վայրն ավելի հարմարավետ դարձնելն է:
 
«Մենք տեղում նախագիծը նայել ենք, շատ լավ նախագիծ է, և պետք է պարզապես իրականացնել»,- ասաց նա:
 
Ավինյանն արձագանքեց՝ օրերս տեղում կսկսվեն շինարարական բուն աշխատանքները:
 
 
Հեղինակ`Լուսինե Մուրադյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը