Կարևոր է, որ համայնքներում երիտասարդական կենտրոնները դառնան ոչ ֆորմալ կրթության և ստեղծագործ մտքի խթանման հարթակներ․ Ժաննա Անդրեասյան


 

Կարևոր է, որ համայնքներում երիտասարդական կենտրոնները դառնան ոչ ֆորմալ կրթության և ստեղծագործ մտքի խթանման հարթակներ․ Ժաննա Անդրեասյան

  • 14-05-2026 19:30:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը մայիսի 14-15-ը Դիլիջանում անցկացնում են «Ամենամյա երիտասարդական ֆորում» 2026-ը և «Երիտասարդները գործելիս» ծրագրի ամփոփիչ համաժողովը։
 
Երկօրյա միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական միության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից համաֆինանսավորվող «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանում» ծրագրի շրջանակում։
 
Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Յակոբ Վյոլլենշտայնը, «Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սևան Պետրոսյանը։
 
Ֆորումի շրջանակում եռակողմ ձևաչափով հուշագրեր են ստորագրվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, համապատասխան համայնքի և տվյալ համայնքում գործող հասարակական կազմակերպության միջև։ Համագործակցության այս ձևաչափը նպատակ ունի ինստիտուցիոնալ մակարդակով ամրապնդել պետության, համայնքի և քաղաքացիական հասարակության կառույցների միջև համատեղ աշխատանքը՝ ապահովելով համայնքներում երիտասարդական ներուժի ու երիտասարդական ծառայությունների զարգացումը։
 
Հուշագրերի հիմքում «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքներն ու առաջնահերթություններն են։ Կողմերը պարտավորվում են համատեղ համագործակցությամբ շարունակաբար զարգացնել համայնքներում գործող երիտասարդական միջավայրերը՝ կարևորելով դրանց դերը երիտասարդների համար տարբեր ծառայությունների մատուցման գործում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է երիտասարդների ներուժի բացահայտմանը, կարողությունների զարգացմանը, ակտիվ քաղաքացիության խթանմանը, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը, ինչպես նաև հնարավորությունների և առկա խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։
 
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ երիտասարդական միջավայրերում միշտ զգացվում է յուրահատուկ էներգիա, որը խթանում է ոլորտում առավել ակտիվ և հետևողական աշխատանքը։
 
«Մենք կարիք ունենք երիտասարդներին խրախուսելու և ոգևորելու, որպեսզի նրանք լինեն ոչ միայն իրենց կյանքի, այլև իրենց համայնքներում, մարզերում ու պետությունում դրական փոփոխություններ նախաձեռնողը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով ծրագրի գործընկերներին՝ երիտասարդների ներուժի բացահայտման և նրանց ակտիվությունը խթանելու համար։
 
Նախարարի խոսքով՝ ծրագրի շրջանակում ձևավորված երիտասարդական միջավայրերը միանալու են երիտասարդական կենտրոնների միասնական ցանցին, որը հիմնված է ընդհանուր չափորոշիչների և գործունեության միասնական սկզբունքների վրա։
 
«Կարևոր է, որ երիտասարդական կենտրոնները դառնան ոչ ֆորմալ կրթության, գաղափարների իրագործման, համայնքային զարգացման և ստեղծագործ մտքի խթանման կարևոր հարթակներ»,- ասել է նա։
 
Անդրադառնալով նախարարության և երիտասարդական կենտրոնների և տարածքների համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանը վստահեցրել է, որ նախարարությունը շարունակելու է աջակցել ոլորտի զարգացմանն ու խրախուսել երիտասարդներին․ «Վստահ եմ, որ յուրաքանչյուր նոր կենտրոնի ստեղծմամբ այս ցանցը կընդլայնվի, և ի վերջո կունենանք ամբողջ երկրի երիտասարդությունը համախմբող միասնական հարթակ»։
 
Նրա խոսքով՝ պետական և տեղական մարմինների կողմից ընդունվող որոշումների ազդեցության առաջնային կրողներից մեկը երիտասարդներն են, ուստի չափազանց կարևոր է ապահովել նրանց բովանդակային և որակյալ մասնակցությունը հանրային կյանքում և որոշումների ընդունման գործընթացում։
 
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ «ՀՀ երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի ընդունումից հետո մեկնարկել են մի շարք կարևոր գործընթացներ։ Մասնավորապես, առաջիկայում կհաստատվեն երիտասարդական կենտրոնների գործունեության կարգերը և երիտասարդական աշխատողների վերապատրաստման մեխանիզմները․ «Այն վայրերում, որտեղ նախկինում երիտասարդական միջավայրեր չկային, այսօր ձևավորվում են նոր կենտրոններ և դրանք շատ արագ դառնում են երիտասարդների ամենասիրելի վայրերը։ Սա վկայում է, որ իրականացվող քաղաքականություններն ու ծրագրերը պահանջված են հենց երիտասարդների կողմից»:
 
Նախարարն անդրադարձել է նաև մասնակցային բյուջետավորմանը, որը հնարավորություն է տալիս համայնքային բյուջեների ձևավորման գործընթացում ներգրավելու քաղաքացիներին՝ նրանց առաջարկների և քվեարկության միջոցով։ Ըստ նախարարի՝ գործող երիտասարդական կենտրոններն արդեն դարձել են այս գործընթացի ակտիվ մասնակիցներ, և այսօր արդեն կան մասնակցային բյուջետավորմամբ հաստատված ծրագրեր, որոնք ձևավորվել են երիտասարդների առաջարկներով և մասնակցությամբ։
 
«Այսօր արդեն երիտասարդները փոխում են կյանքն իրենց համայնքում, իրենց միջավայրում։ Իսկ եթե դուք արդեն սկսել եք դա անել ձեր համայնքում, վստահ եղեք, որ կարող եք անել նաև ամբողջ երկրի մասշտաբով՝ ավելի մեծ ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ երիտասարդներին կոչ անելով չվախենալ մեծ նպատակներից և շարունակել իրենց ակտիվ մասնակցությունն ու նախաձեռնողականությունը։
 
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ողջունել է մասնակիցներին և վերահաստատել Եվրոպական միության հանձնառությունը՝ աջակցել Հայաստանին ժողովրդավար, խաղաղ և բարգավաճ ապագա կառուցելու ճանապարհին։ Նրա խոսքով՝ օրեր առաջ կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի ընթացքում ևս ընդգծվել է համագործակցության խորացման և շարունակական աջակցության կարևորությունը։
 
Դեսպանը կարևորել է մարդկանց միջև կապերն ու երիտասարդների դերը՝ նշելով, որ հասարակության և տնտեսության զարգացման հիմքում մարդկային կապիտալն է. ««Երիտասարդները գործելիս» նախաձեռնության ամենակարևոր արժեքը մարդիկ, գաղափարներն ու նախաձեռնություններն են, որոնք ձևավորում են ապագայի առաջնորդներին»։
 
Ներկաներին ողջունել է նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Յակոբ Վյոլլենշտայնը՝ շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍ նախարարության և ԵՄ գործընկերներին համագործակցության համար:
 
Ֆորումի շրջանակում կայացել է նաև պանելային քննարկում «Տեղական մակարդակում երիտասարդական միջավայրերի և երիտասարդական աշխատողների դերը՝ որպես երիտասարդների համախմբման և շարունակականության ապահովման ռեսուրս» թեմայով: Քննարկման բանախոսներն էին ԿԳՄՍ նախաար Ժաննա Անդրեասյանը, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը:
 
Համաժողովի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք վերաբերել են մարզերում երիտասարդական կյանքի զարգացմանն ու ապակենտրոնացմանը, երիտասարդական կենտրոնների ձևավորմանը, մարզերում երիտասարդների ներգրավվածությունն ապահովող ծրագրերին, բուհերում անվճար կրթության հնարավորություններին, ինչպես նաև «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի կիրառմանն ու դրա ընձեռած հնարավորություններին։
 
Ֆորումի շրջանակում նախատեսված են նաև հինգ զուգահեռ թեմատիկ աշխատարաններ՝ նվիրված մեդիագրագիտությանը, արհեստական բանականությանը, բիզնեսի սոցիալական պատասխանատվությանը, շրջակա միջավայրին և որոշումների կայացման գործընթացներին երիտասարդների մասնակցությանը։
 
Ակնկալվում է, որ ֆորումը կդառնա հարթակ՝ ամփոփելու ծրագրի արդյունքները և մշակելու գործնական առաջարկություններ՝ ուղղված Հայաստանում երիտասարդական քաղաքականության հետագա զարգացմանը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն