Հայր Տաճատ Յարտմյանի գրականությունը նրա մտածումի ու զգացումի հայելին է
30-03-2011 13:37:31 | ԱՄՆ | Գրական էջ
Հայաստանյայց Եկեղեցու ԱՄՆ Արեւմտեան Թեմի Առաջնորդական Ընդհանուր Փոխանորդ Հայր Տաճատ Ծայրագոյն Վարդապետ Եարտմեանը ծնվել է 1945 թ սեպտեմբերի 9ին, Լիբանանի Բեյրութ քաղաքում: Տարրական կրթությունը ստացել է ծննդավայրում, ապա Վենետիկի Մխիթարյան Մայրավանքում ավարտելով 1964 թ: Ապա ուսանել է Հռոմի Հիսուսյան Միաբանության Գրիգորյան Միջազգային Համալսարանում, 1964-72 թթ ավարտելով փիլիսոփայության յոթնամյա դասընթացը:
Սարգավակային ձեռնադրության է արժանանում 1970 թ: Ապա 1971 թ ձեռնադրվում է կուսակրոն քահանա: 1991 թ արժանանում է ծայրագույն վարդապետի աստիճանին Վենետիկի Մխիթարյան Մայրավանքում: Քահանայագործության վայրերն են եղել Վենետիկը, Բեյրութը եւ Լոս Անջելեսը:
Հայրսուրբը բազմաթիվ պարտականություններ եւ պաշտոններ է հանձն առել ու աշխատել.
1973-5 թթ Խմբագիր Հայ Ընտանիք Ամսաթերթի Վենետիկում:
1981-6 թթ Փոխտնորեն Լոս Անջելեսի Մխիթարյան Դպրոցի:
1988-2004 թթ Հիմնադիր վարիչ Լոս Անջելեսի Մխիթարյան Կրթական Հիմնարկի:
1991-2000 թթ Վարիչ տնորեն Լոս Անջելեսի Մխիթարյան Հայագիտական
Դասընթացների:
1993-2000 թթ Խմբագիր Վենետիկի Մխիթարյան Հայագիտական Պաշտոնաթերթ Բազմավեպ Հանդեսի:
2004 Փետրվարին դարձել է Սբ Էջմիածնի միաբան:
2004 թվականից մինչեվ այսօր ԱՄՆ Արեվմտյան Թեմի Առաջնորդական Ընդհանուր Փոխանորդ է:
Ցայժմ հեղինակել է 36 աշխատություններ հրատարակված առանձին հատորներով. եկեղեցական, ազգային, հասարակական, ուսումնակրթական, գրական, գիտական, ընդհանուր մշակութային, հրատարակչական, կրոնական, բարոյական, ընկերային բնանյութերով եւ բովանդակությամբ: Նա հայ եկեղեցու կրթված, մտավորական նվիրյալ անհատականություններից մեկն է:
Այս տարի լրանում է Հայրսուրբի կուսակրոն քահանայական ձեռնադրության 40ամյակը: Սրտագինս շնորհավորում եմ: Հարգանքով խնդրամատույց եմ լինում Հայաստանյայց մեր Սբ Եկեղեցու ԱՄՆ Արեվմտյան Թեմի Սրբազան Առաջնորդ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանին, որ բարեխոս հանդիսանա ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մոտ՝ եպիսկոպոս օծելու մեր արժանավոր հայրսուրբին, վասն պայծառության մեր եկեղեցու:
Հրատարակած հատորներն են. «Քասունի Կարմիր Վանքը» Վենետիկ 1976: «Դռնակ թիվ մեկ» (բանաստեղծություններ) Լոս Անջելես 1983: «Կրթական հոգեր» Լոս Անջելես 1984: «Երեկ եւ այսօր» Լոս Անջելես 1985: «Աստված եւ ժամանակակից գրականություն» Լոս Անջելես 1986: «Ճամբան» (բանաստեղծություններ) Լոս Անջելես 1986: «Մխիթարյանների նպաստը հայ մշակույթին եւ հայագիտության» Լոս Անջելես 1987: "The contribution of Mekhitarians to Armenian culture" Los Angeles 1987. «Կարմիր հնձուց կամ Կարմիր Վանք» Լոս Անջելես 1988: «Նյութեր հայ վանականության պատմության» Վենետիկ 1989: «Սահմանագիծ» (բանաստեղծություններ) Վենետիկ 1990: «Սբ Ղազար կղզին՝ Մայրավանք Մխիթարյաններու» Վենետիկ 1990: "San Lazzaro Island Mekhitarian's Headquarter" Venice 1991. «Որդան կարմիր կամ հայկական կարմիր ներկ» Վենետիկ 1991: «Վենետիկի Մխիթարյանները Լոս Անջելեսի մեջ» Լոս Անջելես 1992: «Մխիթարյան գաղափարական եւ Մխիթարյան ինքնություն» Վենետիկ 1994: «Հողը» (բանաստեղծություններ) Լոս Անջելես 1994: «Հայաստանի վանքերուն եւ եկեղեցիներուն մշակութային կորուստը 1894-1896 եւ 1915-1925 տարիներուն» Վենետիկ 1995: «Մայթը» (բանաստեղծություններ) Լոս Անջելես 1997: «Հայ եկեղեցվո Սբ առաքյալը Գրիգոր Լուսավորիչ» Լոս Անջելես 1998: «Աստվածաշունչը եւ հայերը» Լոս Անջելես 1998: «Մխիթարյան վանականությունը երրորդ հազարամյակի սեմին» Վենետիկ 2000: «Վենետիկի մխիթարյաններու հայկական կաճառը» Վենետիկ 2000: «Ընդգրկել անընդգրկելին» Վենետիկ 2000: «Հայկական սրբազան պատարագ» (արեւմտահայերեն) Վենետիկ 2000: «Վարդապետը հայ եկեղեցական մտածողության մեջ» Վենետիկ 2001: «Ի՞նչ է Քրիստոնեությունը» Լոս Անջելես 2001: «Եպիսկոպոսը հայ եկեղեցական մտածողության մեջ» Վենետիկ 2003: «Հայ Առաքելական Եկեղեցվո նոր պատգամախոսը» Բուրբանկ 2007: «Հաղորդություն» (բանաստեղծություններ) Լոս Անջելես 2008: «Ինչու՞ հայերս մեր եկեղեցիները կօծենք» Լոս Անջելես 2010: «Քրիստոնեական դաստիարակությունը եւ եկեղեցվո կիրակնօրյա դպրոցներու առաքելությունը» Լոս Անջելես 2010:
Պարբերական մամուլի մեջ հայրսուրբը ունի բազմաթիվ հոդվածներ, գրախոսություններ՝ հայագիտական, մշակությաին, կրոնական, գրական, լեզվական, ազգային, կրթական, բարոյախոսական, ընկերային եւ գիտական բնանյութերով ու բովադակությամբ:
Մեր գրական երեկոն նվիրված էր Հայր Տաճատ Յարտմյանի գեղարվեստական գրականությանը միայն. հիմնականում բանաստեղծություններ, ամփոփված են հինգ գրքերի մեջ, խոկումների ու զգացումների խորունկ ծավալով ազգային թե անհատական հիշողությունների, նաեւ ընթացիկ ապրումների խորազգաց մտորումներով, բարձր տեսլականով ստեղծագործված գերարդիական ոճով, բովանդակությամբ ու ձեվով երկեր են. հաճախ չկետադրված, հաճախ չխորագրված բռնկումներ են, ազգային, նաեւ անհատական պտրումներ են, հանուն տենչերի, ձգտումների, նպատակի: Կետադրական դասականության անտեսումը նա փոխարինում է ըստ իմաստային նորատողումներով, երկրորդական նախադասությունների ու անդամների տողատակումներով: Այդ հնարանքով է նա արդարացնում նման նախասիրությունները: Չվերնագրված երկերի խորագրի պակասը նա լրացնում է բանաստեղծության գեղարվեստական մտապատկերի ընդարձակումով, որպեսզի ստեղծագործությունը չմիտի խորագրային սամանափակ ձեվավորման: Կամ ինչպես արված է «Հողը» խորագրված հատորում, նորովի ձեվավորմամբ խորագիրը մտապատկերային բովանդակությամբ է նախորդում բանաստեղծությանը: Ընդհանրապես բանաստեղծությունների մեջ կան ցանկությունների «նուռը», եւ ափսոսանքը «սահմանաքարերի» կորուստի, եւ այդ տեղից, այլեւ մարդարարածային բազմաթիվ խոհազգացական բախումներից էլ առաջանում է այն անդոհանքը, տագնապը, անձկությունը, որ հեղինակին հասցնում է «Հաղորդություն» խորագրված պոեմի ինքնազտման աղոթարարության, հեծության մրմունջների, սգերգի:
«Հաղորդություն» գրքույկի «Հիշատակարան» քերթվածի բառերով. «...Հաղորդությունս Աստուծո հետ կմիտի ըլլալ խոսող արցունք մը...» գեղարվեստական բնորոշ մտապատկեր է, որ շոշափելի է դառնում արցունքի կաթիլով. որ ապրումի ուրախ ու տխուր պարունակով ամբողջացած, դարձել է խոսող արցունք. որ խոսում ու պատմում է կյանքի հեքիաթը, արարչի պարգեւը արարածին... Այնուհետեւ աղոթքների մի առինքնող ծավալով, հոգի զտող, սիրտ մաքրող ողոքումներով հեղինակը, բանաստեղծը, հոգեվորականը, հավատացյալը, մարդը հաղորդվում է իր հավատքով, աղերսներով, հաստատումներով, ապրելու արեվի տակ որպես արժանավոր էություն...
«Հաղորդություն» ստեղծագործությունների շարքը «Նարեկային» ներշնչումով նախ գեղարվեստական արտացոլում է համամարդկային անհատական զգացումների, մտածումների, որպես խոստովանություն, ապաշխարում, ապա հաղորդություն: Մարդու եւ մարդկայնի ինքնաբյուրեղացման մի ամբողջական տագնապի, սրտդողության, հնհնուքի ու անդոհանքի կուտակում է, մակընթացությամբ ու տեղատվությամբ, որով իմաստավորվում է այդ ստեղծագործությունը. գերաճում է անհատականից եւ հասնում է մարդկայնական ընդհանրության: Այդ բովանդակությամբ ու աղերսներով պիտի հասկանալ ու մտերմանալ հեղինակի արժեչափերի հետ: «Նարեկի» 21րդ դարի շարունակություն է այդ պոեմը, թեեվ աշխարհի ու հասարակայնության պատմական հսկայական փոխվածությամբ, սակայն նույն անդեդեվ, անդառնալի հավատքով ու նվիրվածությամբ արարչին:
Հիմնականում խորհրդապաշտ, մտորող, իմաստասիրող, փոխաբերող ինքնուրույն լեզվամտածողությամբ բանաստեղծ է Տաճատ Յարտմյանը: Կոփված լեզվաոճով, հարուստ բառապաշարով, համարձակորեն քերթող հեղինակ է նա: Նրա մտապատկերների տիպականացումները խորհրդապաշտական են եւ բանաստեղծական գրավչությամբ են սրտակցում ընթերցողի հետ, ընդլայնում են գեղագիտական ճաշակը: Տափակ ու կլոր աշխարհից վեր բարձրանալու, ցանկալիագույն լինելության է ձգտում, մաքրելու համար մարդուն հողողենությունից, մոտեցնելու աստվածայնության: Չէ՞որ մարդ արարածը աստվածային ստեղծագործություն է: Այդ հիմնաքարից ելնելով:
Հայր Տաճատ Յարտմյանի գրականությունը նրա մտածումի ու զգացումի հայելին է, որ արտացոլում է մտավորական բանաստեղծի գեղագիտական ճաշակը, ստեղծագործության կառուցվածքի վարպետության արվեստը, հավասարակշիռ ու թարմ առաջադրությունները, լեզվական ճոխության ճաշակավոր կիրառումը, ապրումի արտացոլման ճշմարտությունը, բնանյութի պատկերման ճշմարտացիությունը: Դրանք են նրա գրական տաղանդի երանգները:
Գրիշ Դավթյան
Գլենդել, Կալիֆորնիա
2011-03-23