300-ԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՐՑՎԱԾՆԵՐԻ 37%-Ն ԱԿՆԿԱԼՈՒՄ Է, ՈՐ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ<br /> ՆԱԽԱԳԱՀԸ ԿՆՊԱՍՏԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽԹԱՆՄԱՆԸ<br />


300-ԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՐՑՎԱԾՆԵՐԻ 37%-Ն ԱԿՆԿԱԼՈՒՄ Է, ՈՐ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ
ՆԱԽԱԳԱՀԸ ԿՆՊԱՍՏԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽԹԱՆՄԱՆԸ

  • 29-01-2008 18:56:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամփոփվել են Փոքր եւ միջին բիզնեսի հիմնադրամի ու Օտարերկրյա ներդրումների եւ համագործակցության ասոցիացիայի կողմից ՀՀ նախագահական ընտրությունների նախօրեին անցկացված հարցման արդյունքները: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին հիմնադրամից, Երեւանում, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերում հարցված գործարարների 37%-ը ակնկալում են, որ նորընտիր նախագահը կնպաստի գործարար միջավայրի բարեփոխումների խթանմանը: Հարցման արդյունքների հիման վրա ձեւավորվել է մասնավոր հատվածի մտահոգություններն ամփոփող հանգուցային հարցերի շարքը, որը նախաձեռնող խումբը` որպես ոլորտի ներկայացուցիչների յուրօրինակ պատգամ, ներկայացնելու է նախագահության թեկնածուների ուշադրությանը: Սպասվում է, որ նախագահության թեկնածուների պատասխանները թույլ կտան բացահայտել նրանց դիրքորոշումը վերոհիշյալ խնդիրների վերաբերյալ, ինչպես նաեւ գնահատել այդ խնդիրների լուծման ուղղությամբ մասնավոր հատվածի եւ գործադիր իշխանության համագործակցության հեռանկարը: Նախագահության թեկնածուներին տրվելիք հարցերը վերաբերելու են երկրի տնտեսական եւ սոցիալական զարգացման գործում մասնավոր ձեռնարկատիրության ոլորտի դերի կարեւորմանը, ձեռնարկատիրությանը պետական աջակցության համակարգի արդյունավետության մակարդակի գնահատմանը: Գործարարների շրջանում անցկացված հարցման մասնակիցների մեծամասնությունը հայտնել է, թե ձեռնարկությունների 50%-ն օգտագործում են «տանիքը» հարկերի, ընթացակարգերի եւ վարչարարության հետ առնչվող խնդիրները լուծելու համար: Նախագահության թեկնածուներին առաջարկվելու է արտահայտել իրենց գնահատականն այդ կապակցությամբ, ինչպես նաեւ դասակարգել ձեռնարկատիրությունը խոչընդոտող խնդիրները, որոնց շարքում նշվել են կոռուպցիան, գների անկայունությունը եւ արժեզրկումը, արժույթի փոխարժեքի տատանումները, հարկերը եւ հարկային վարչարարությունը, պետական կամ մասնավոր ձեռնարկությունների կողմից ոչ մրցակցային գործունեությունը, արդարադատության համակարգի անկատարությունը, ֆինանսավորման մեխանիզմների անկատարությունը, տնտեսական բարեփոխումների իրականացման ընթացքը, գործարարությունը կանոնակարգող օրենսդրության եւ վարչարարության անկատարությունը, ենթակառուցվածքների (կապ, էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, ճանապարհներ) անբավարար վիճակը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն