ԵՐԵՎԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ<br /> ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԽԻՍՏ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ<br />


ԵՐԵՎԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ
ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԽԻՍՏ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

  • 11-06-2007 17:25:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մինչեւ 2011թ.-ը կմշակվի Երեւանի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանց: Ինչպես հունիսի 11-ի ասուլիսում հայտնեց «Երեւանտրանս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Եդիգարյանը, 2011թ.-ին ավարտվում են միկրոավտոբուսային երթուղիները սպասարկող ընկերությունների եւ քաղաքապետարանի միջեւ կնքված պայմանագրերի ժամկետները: Ըստ նրա, դրանից հետո երթուղիներում շահագործվող միկրոավտոբուսների քանակը մոտ 1000-ով կկրճատվի, իսկ միջին տեղատարողությամբ ավտոբուսներինը մոտ 700-ով կավելանա: Կ.Եդիգարյանը նշեց նաեւ, որ 2008-2010թթ.-ին տարեկան կներկրվի 20-ական տրոլեյբուս: Ըստ այդմ էլ կավելացվի տրոլեյբուսների երթուղիների թիվը: Նա հայտնեց, որ Երեւանի քաղաքապետարանը ՀՀ Ոստիկանության եւ ՀՀ Հարկային պետական տեսչության հետ համատեղ իրականացնում է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի վիճակի բարելավման ուղղությամբ խիստ վերահսկողություն: Հունվար-մայիս ամիսներին հասարակական տրանսպորտի կանգառներում գրանցվել է տրանսպորտային այլ միջոցների կայանման 596 դեպք, որոնց վարորդների նկատմամբ կիրառվել է 20 հազարական դրամի չափով վարչական տուգանք: Նշվեց, որ ապրիլի 1-ից վարչական տուգանքներ են կիրառվում երթուղային միկրոավտոբուսների վարորդների ծխելու, բջջային հեռոխոսներից օգտվելու եւ մեքենաներում հնչող բարձր երաժշտության համար. առաջին անգամ վարորդը տուգանվում է 25 հազար, երկրորդ անգամ` 50 հազար դրամով, իսկ երրորդ անգամ` հեռացվում է աշխատանքից: Կ.Եդիգարյանի խոսքերով, արդեն արձանագրվել է նման խախտումների 150 դեպք:
Նոյյան տապան  -   Հասարակություն